Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այսօր՝ մայիսի 23-ին, ոստիկանների հետ երկար բանակցություններից հետո ի վերջո բացեցին ճանապարհը, որպեսզի ոստիկանները դատական նիստից հետո կարողանան մեքենայով կալանավայր տեղափոխել Վոլոդյա Ավետիսյանին:
«Մենք այսօր նախազգուշական ակցիա անցկացրեցինք, բայց եթե հարկ լինի, վաղը ուժով մեր ուզածը կանենք եւ ամբողջովին կտիրապետենք իրադրությանը: Երկիրը մերն է, երկրում գործողություններ կատարելու իրավունքը մերն է, եւ կարող ենք ցույց տալ, որ կարող ենք նաեւ այս քայլին դիմել, այս ի՞նչ բեմադրություններ եք սարքում»,- դատարանի բակում հայտարարեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Ոստիկաններն ու դատական կարգադրիչները դատարանի մոտից հեռացան միայն ազատամարտիկների գնալուց հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը բոյկոտեց դատական նիստը եւ հեռացավ դահլիճից: «Ամոթ դատավորին» բացականչություններով դահլիճը լքեցին նաեւ ազատամարտիկները, որոնք դուրս եկան ու փակեցին կալանավորներին շենքից դուրս բերելու ճանապարհը, որպեսզի թույլ չտան դատարանից տանել Վոլոդյա Ավետիսյանին։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։











