Վերջին զանգի տոնակատարությունների ժամանակ ժամը 19:00-ի դրությամբ տուգանային հրապարակ է տեղափոխվել 26 մեքենա: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, NEWS.am-ին հայտնեց ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
«Այս պահի դրությամբ Երևան քաղաքի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 26 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են և անչափահասներ, և մեծահասակներ, որոնք խախտել են երթևեկության և ուղևորների փոխադրման կանոնները: Երեխաները մեքենաներից կախված վիճակում են եղել, բղավել են կախված վիճակում, բարձր արագությամբ երթևեկել են քաղաքում: Բարեբախտաբար, համեմատած նախորդ տարիների՝ այս տարի անչափահասներ մեքենաների ղեկին եղել են շատ քիչ քանակությամբ: 25-ից 3 տրանսպորտային միջոցների վարորդներն են անչափահասներ եղել»,- ասաց Արսեն Արշակյանը՝ նշելով, որ այսօր Վերջին զանգի տոնակատարության հետ կապված վթար դեռ չի գրանցվել: Նա նշեց նաև, որ ոստիկանությունը շարունակելու է քաղաքում հսկողությունը:
Ճանապարհային ոստիկանության պետը շրջանավարտներին ու նրանց ծնողներին հորդորեց զերծ մնալ երթևեկության կանոնները խախտելուց՝ նշելով, որ ոստիկանությունը հանդուրժողականություն չի ցուցաբերելու, իսկ խախտումներ կատարած քաղաքացիները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:











