Շիրակի մարզի Ողջի համայնքի երեք 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտեցին առանց տոնական միջոցառման ու ավարտական երեկույթի. մեկ ամիս է անցել նրանց չորրորդ դասընկերոջ՝ Կարո Կիրակոսյանի ինքնասպանությունից հետո։

Մինչեւ այդ ողբերգական օրը Կարոն իր երեք համադասարանցիների հետ պատրաստվում էր Վերջին զանգին, արդեն գիտեին սցենարը, մտածել էին՝ ինչ են անելու եւ որտեղ են նշելու ավարտական երեկոն։

«Մինչեւ Կարոյի հետ կատարվածը մեր երկու տղաները միասին բեմ էին սարքում դահլիճում, շինարարություն էին անում, այնքան կյանքով էր լցված Կարոն , որ հիմա էլ չենք կարողանում պատկերացնել, որ մեզ հետ չէ»,- ասում է նրա դասընկերուհի Վարդուհին։

Դասարանում մնացած միակ տղան՝ Կարապետը, ընկերոջ մահից հետո մինչեւ այսօր դահլիճ չի մտել, բեմի պատրաստման աշխատանքներն այդպես էլ անավարտ է թողել, միջոցառման  փորձերը դադարեցրել են:

«Կարոյի մահից հետո մենք մինչեւ այսօր ոչ մի անգամ չենք բացել դահլիճի դուռն ու ներս չենք մտել, ես չեմ համարձակվում  մտնել այդ դռնից ներս, եթե բացեմ, Կարոյին եմ ման գալու, դրա համար էլ չեմ բացում»,- ասում է նա։

Վերջին զանգի փոխարեն վերջին դաս են արել, լսել են ուսուցիչների բարեմաղթանքներն ու տուն գնացել։

«Առանց մեր Կարոյի մենք ոչ մի բան չենք անի, մեզ վերջին դասն էլ էր բավական»- ասում է Կարոյի դասընկերուհին՝ Շուշանը։

Ուսուցիչները պատմում են, որ Կարոն շատ երազանքներ ուներ, գերազանց տիրապետում էր ռուսերենին, մաթեմատիկայից շատ ուժեղ էր, դպրոցն ավարտելուց հետո որոշել էր հոր հետ արտագնա աշխատանքի գնալ, ընտանիքին օգնել, հետո որոշեր՝ որտեղ է շարունակելու ուսումը։

«Նա միշտ ասում էր՝ դպրոցն ավարտեմ, պապայիս հետ գնալու եմ Ռուսաստան։ Ռուսերեն լավ գիտեմ, հաստատ չեմ կորի,  ընտանիքիս թիկունքն կլինեմ։ Տնաշենի տղան այնքան գործ կիսատ թողեց, անվարտ երազանքներ, ծնողների հույսերը նրա հետ կապված կոտրեց ու գնաց»,- պատմում է դպրոցի տնօրենը՝ Գոհար Պետրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ողջի համայնքում, մարտի 24-ին նույն գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարո Կիրակոսյանը ինքնասպան է եղել: Ծնողները նրան վաղ առավոտյան հայտնաբերել են թոնրատանը` առաստաղից կախված վիճակում: Մինչեւ հիմա ոչ ծնողները, ոչ էլ ընկերները չեն հասկանում, թե ինչը կարող էր կյանքով լեցուն տղային այդ քայլին դրդել։