«Կառավարության ծրագրի հետ ես ի՞նչ գործ ունեմ, ես երկրապահ եմ»: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության նոր ծրագիրը:
Լրագրողների դիտողությանը, թե նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, գենարալ պատգամավորն ասաց. «Ես երկրապահ եմ, այստեղ էլ որպես երկրապահ եմ եկել:
Հիմա ես որ ձեր հետ խոսում եմ, նշանակո՞ւմ ա՝ լրագրող եմ»: Մանվել Գրիգորյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների այլ հարցերին:
Մարզահամերգային համալիրում լրագրողները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրին, թե նախորդ նախարարը ինչ ժառանգություն է թողել իրեն: Ի պատասխան նախարարը նշել է. «Տվեք երկու ամիս ժամանակ, երկու ամսից կպատասխանեմ: Հիմա ոչինչ չեմ կարող պատասխանել»:
Հարցերին պատասխանելու հրաժարվեց նաեւ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ նշելով, որ հարցերին կպատասխանի 100 օրից:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մայիսի 24-ին մեկնարկելու է ՀՀԿ 15-րդ համագումարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











