Գորիսի քաղաքապետի ընտրություններն ավարտված են, հաղթելու է հանրապետականի թեկնածուն: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Գորիսի ընտրությունների ժամանակ:
«Գորիսի քաղաքապետի ընտրություններն ավարտված են, հաղթելու է մեր բոլորի թեկնածուն»,- ասել է Սուրիմ Խաչատրյանը՝ ցույց տալով հավաքված հանրապետականներին:
Լրագրողների հարցին, թե ինչու է ցանկանում, որ Գորիսում հաղթի հենց իր թեկնածուն, նա ասել է, թե Վաչագան Ադունցն իր թեկնածուն չէ: «Վաչագան Ադունցը ոչ իմ ընկերն է, ոչ իմ հարազատն է, ուղղակի լավ մարդ է, հարգված է Գորիսում»,- նշել է Խաչատրյանը:
Դիտարկումը, թե ճնշումներ են եղել մյուս թեկնածուների նկատմամբ, Սուրի Խաչատրյանը հերքել է՝ նշելով, որ ամեն թեկնածու ինքն է որոշել՝ ինչպես շարունակել ընտրապայքարը:
Սուրիկ Խաչատրյանը նաեւ պնդել է, թե իր եւ մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները շատ ջերմ են, եւ վերջինս էլ աջակցում է Ադունցի թեկնածությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջադրվել էին չորս թեկնածուներ՝ Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի տեղամասի պետն է: Մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ էին ներկայացրել:











