Հայաստանի ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին համոզում էր պատասխանել լրագրողների հարցերին, իսկ վերջինս համառորեն հրաժարվում էր:
Մարզահամերգային համալիրում քիչ անց մեկնարկելու է ՀՀԿ 15-րդ համագումարը: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, վարչապետները դրսում կանգնած սպասում էին նախագահ Սերժ Սարգսյանի ժամանելուն: «Ներողություն եմ խնդրում, բայց ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը լրագրողներին: Հովիկ Աբրահամյանը խնդրեց, որ Տիգրան Սարգսյանը գոնե մի երկու բառ ասի, Տիգրան Սարգսյանը կրկին ներողություն խնդրեց եւ ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու:
Հարցին,թ ե ինչպես է գնահատում կառավարության նոր ծրագիրը, եւ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե գործարարներն այսուհետ պետք է աշխատեն հարկային դաշտում, Տիգրան Սարգսյանը չի պատասխանել, միայն բազմաբովանդակ ժպիտով նայել է Հովիկ Աբրահամյանին: «Չեք տեսնո՞ւմ՝ մարդը չի ցանկանում խոսել, ինչո՞ւ եք պարտադրում»,- կուսակցին է փորձել օգնել Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ քիչ առաջ ՄՀՀ է ժամանել Սերժ Սարգսյանը՝ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ: Նախագահին դիմավորել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, եւ նրանք մտել են դահլիճ: Քիչ հետո կսկսվի ՀՀԿ համագումարը:











