Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեւի ուշադիր չի եղել խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը օրը եւ պատգամավորներին ալկոհոլի ազդեցության տակ չի տեսել: Այդ մասին վարչապետն ասել է այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ համագումարից առաջ, լրագրողների հետ զրույցում:
«Երեւի ուշադիր չեմ եղել, որ հարբած պատգամավորներ կան, քանի որ այդ պահին զբաղված եմ եղել»,- նշել է վարչապետը՝ մեկնաբանելով հանրապետական պատգամավորների պահվածքը: Վարչապետը, նաեւ չհերքեց, որ նշված ՀՀԿ-ական պատգամավորները մոտեցել են իրեն եւ ողջունել:
Հովիկ Աբրահամյանը նաեւ խոսել է կառվարության ծրագրի ընդունումից հետո քառյակի հայտարարությունների մասին, թե ՀՀԿ-ական պատգամավորները կեղծել են քվեարկության արդյունքները: Ըստ վարչապետի, քառյակի այդ հայտարարությունն ազնվի չէ: «Թող այդ պահին հայտարարեին, եթե նման բան են նկատել: Բայց նման բան չկա: Իրենք թող հաշվեն քառյակի պատգամավորներին, նաեւ մեր պատգամավորներին, ու կտեսնեն, որ քվեարկությունը չի կեղծվել: Իսկ եթե ասում են միայն քվեարկությունից հետո, ես դա ազնիվ չեմ համարում»,- նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության ծրագրի ընդունման ժամանակ Առաքել Մովսիսյանը, Արայիկ Գրիգորյանը, Վարդան Այվազյանն ու Աշոտ Արսենյանը գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ եւ պարբերաբար խանգարում նիստը, իսկ Մովսիսյանը անգամ չէր կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել էր:











