Մայիսի 24-ին, ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Արվեստների ակադեմիայի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացած «Վազ 2106» մակնիշի 32 ՍՏ 830 համարանիշի ավտոմեքենայի երեք ուղեւորների ինքնությունը դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկության համաձայն՝ նրանք ձկնորսներ են եղել։

«Մերսեդես» մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի մեքենայի վարորդը՝ 24-ամյա Հովհաննես Ալեքսանի Ալեքսանյանն է, որը Գյումրիում գործող դիսկո ակումբի տնօրեն է՝ Գյումրու Ազիզի փողոց տուն 124 հասցեի բնակիչ։

Հովհաննես Ալեքսանյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական համալիր, որտեղից ինքնակամ ոստիկանության աշխատակիցների ուեղեկցությամբ  նա գնացել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ նրա ինքազգացողությունը վատացել է, եւ նորից տեղափոխվել է հիվանդանոց:

NEWS.am-ին հիվանդանոցի վիրաբույժ Արմեն Գաբրիելյանն ասաց, որ տուժածը գտնվում է սթրեսային վիճակում, նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք:

«Հիվանդի վիճակը միջին ծանրության է, նրա մոտ ախտորոշվել է կզակի սալջարդ՝ պատառոտված վերքով, դեմքի եւ կրծքավանդակի քերծվածքներ, մի շարք հետազոտություններ է անցել, դեռ պետք է հետազոտվի նյարդավիաբույժի կողմից, որից հետո կորոշվի հետագա ստացիոնար բուժումը»,- ասաց բժիշկ Արմոն Գաբրիելյանը:

Մահացածների մարմիները մեքենայից դուրս է բերել ԱԻՆ փրկարարական ծառայության Գյումրիի փրկարական ջոկատը։ Ոստիկանության աշխատակիցները ջարդուխուրդ եղած «Վազ 2106» մակնիշի մեքենայում փորձում էին գտնել անձը հաստատող փաստաթղթեր, սակայն ոչ մեքենայի տեխնիկական անձնագիրը, ոչ վարորդական իրավունքի վկայականը, ոչ էլ անձնագրեր չհաջողվեց գտնել:

NEWS.am-ին վթարի վայրում աշխատող ոստիկաններն ասացին, որ աշխատանքներ են տարվում՝ պարզելու մահացածների ինքնությունը:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  Ք.Օ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշաբար առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) hատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու Ոստիկանության Կումայրիի բաժնից: