Փակ շուկայի աշխատակիցները կարծում են, որ շուկայում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակները ամիսներ առաջ Փակ շուկայի մոտ բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիական ակտիվիստներն են, որոնց նպատակը մի քանի ժամով շուկայի աշխատանքը կանգնեցնել էր եւ «Երեւան Սիթիի» սեփականատեր, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին «վատություն անելը»։
«Ես կանգնել էի ու ասում էի, որ դուրս չեմ գալու, թող ռումբը իմ վրա տրաքի, ես այս շուկայում երկար տարիներ աշխատում եմ, բայց երբ շուկայի ամբողջ աշխատակազմը դուրս եկավ, մենք էլ դուրս եկանք: Բայց ես մեկ ա, չեմ հավատում, որովհետև սա հայի չկամությունն է, հայի չուզողություն: Ես գիտեմ մի բան, որ պարոն Ալեքսանյանը ոչ մի հատ չուզող չունի, էսքան մարդու է աշխատանք տվել, ու բոլորն էլ գոհ են»,- NEWS.am-ին ասաց շուկայի մրգավաճառներից Կարինե Հակոբյանը, որի կարծիքով «չուզողությունն» արել են «աշխույժ» ցուցարարները։
Նշենք, որ ահազանգից մոտ երկու ժամ անց պարզվեց, որ այն կեղծ է: Աշխատակիցները մտան Փակ շուկա, եւ մոտ 12։30-ին շուկայի բնականոն աշխատանքը վերականգնվեց։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մայիսի 24-ին, ժամը 10.22-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկայի» տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից:
ԱԻՆ-ը հաղորդում է, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:











