Դերասան Սեպուհ Ապիկյանը, որը մայիսի 23-ին մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել Երեւանում, վթարից առաջ ու հետո տեղի ունեցածի մասին ոչինչ չի հիշում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

«Խանութ պետք է գնայինք աղջկաս հետ, էդ խանութն էլ մի քիչ հեռու էր: Միայն հիշում եմ, որ աղջկաս հեռախոսը տարանք, տվեցինք իմ մայրիկին, ասեցինք՝ մենք գնում ենք խանութ: Թե ոնց է եղել էդ ամեն ինչը, բացարձակ չեմ հիշում: Գիտեմ, որ Ջրվեժի տարածքում է եղել, բայց մնացած ոչինչ չեմ հիշում, արթնացել եմ հիվանդանոցում: Երեխան նորմալ էր, ես՝ լրիվ կոտրվածքներով: Հիմա լրիվ շոկային վիճակի մեջ եմ, չեմ կարողանում նստել, կոտրվածքները ցավում են»,-պատմեց դերասանը, որն այսօր Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:

Նշենք, որ դերասանի աղջիկը՝ Մելինե Ապիկյանը, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Նա մարմնական վնասվածքներ ստացած չի եղել,  Սեպուհ Ապիկյանը ուղեղի ցնցում է տարել, կոտրվել է նրա կողոսկրը, ատամները, պատռվել է դեմքը: Դերասանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ մինչև լիովին կազդուրվելը։

Նշենք, որ Սեպուհ Ապիկյանին հայ հանդիսատեսն ավելի շատ ճանաչում է որպես «Վերվարածների Ճպըլ», այժմ նա նկարահնվում է «Երե1» երգիծական հեռուստանախագծում։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, ժամը 22:30-ի սահմանում, Երեւանի Բագրեւանդ փողոցում «Աֆինա» հարսանյաց սրահի հարեւանությամբ դերասան Սեպուհ Ապիկյանը իր դստեր հետ  մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել: Մոտոցիկլետը բախվել էր Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի մեքենային: