Մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտներից  յուրաքանչյուրն ավարտական երեկոն ռեստորանում նշելու համար վճարել է միջինը 7000 - 15000 դրամ՝ պարզվեց «Վերջին զանգի» օրը NEWS.am-ի անցկացրած հարցախույզի արդյունքում։

«Պարտադիր պետք է ավարտական երեկո նշենք, որովհետեւ մի անգամ ենք դպրոցն ավարտում: Գումարը դեռ շուտ ենք հավաքել Վերջին զանգի ծախսերի հետ, մեր ծնողներն են մտածել, որոշել՝ ուր գնանք: Բոլորիս համար էլ կարեւոր էր, թե ուր կգնանք: Ռեստորան ենք գնալու ուսուցիչների ու մեր ծնողների հետ»,- NEWS.am-ին ասաց Նիկոլայ Ծառուկյանի անվան դպրոցի շրջանավարտներից մեկը:

Վերջին զանգի միջոցառմանը աղջիկները հիմնականում միանման սեւ կիսաշրջազգեստներ եւ սպիտակ վերնաշապիկներ էին հագել, make up-ն ու սանրվածքն էլ իրենք էին արել:

Պրոֆեսիոնալ դիմահարդարումն ու սանրվածքը, որի համար յուրաքանչյուրը պատրաստվում էր վճարել 10.000-15.000 դրամ, պահել էին ավարտական երեկոյի համար։

Մեր հարցախույզը ցույց տվեց, որ շրջանավարտները ավարտական երեկույթի զգեստի համար միջինը 15.000- 50.000 դրամ են վճարել: Նրանցից շատերը խոստովանում էին, որ ռեստորանում պատրաստվում են մի քանի զգեստ փոխել:

Ամենաշատը շրջանավարտները գումար էին ծախսել ուսուցիչների համար ծաղիկներ եւ նվերներ գնելու վրա: Հարցին, թե որքան գումար են հավաքել այդ նվերների համար, շրջանավարտները հիմնականում հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ գումարի չափը միայն ծնողներին  է հայտնի:

Ավարտական դասարանների մեծ մասը գումար էր խնայել եւ «Վերջին զանգի» միջոցառման սցենարը ինքնուրույն գրել՝ ուսուցիչների եւ ավագ ընկերների  օգնությամբ:  Դպրոցներից մեկում ավարտող աշակերտների համար սցենար էր գրել դպրոցի պահակը:

Միջոցառումների ամենատարածված երգերը «Վերջին զանգին» նվիրված հայ կատարողների երգերն էին, կամ հայտնի համաշխարհային հիթերը՝ փոխված բառերով։ «Վերջին զանգի» երգացանկում Թաթա Սիմոնյանի «Վերջին զանգ» երգը մրցակցությունից դուրս է, որն արդեն տասը տարի հնչում է դպրոցներում։ Երգում են նաեւ Արամեի, Մհերի Վերջին զանգին նվիրված երգերը։

Գրեթե բոլոր 12-րդ դասարանցիները պատրաստվում են դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Տղաների շրջանում առաջատար դիրքերում են ԵՊՃՀ-ն, իրավագիտություն եւ տնտեսագիտություն բաժինները, աղջիկները հիմնականում ձգտում են  դառնալ լեզվաբան եւ բժիշկ։ «Սովորելու հանդեպ սեր չունեցող» տղաների մի մասն ուզում է դառնալ թիկնապահ, աղջիկները՝ դիզայներ։