Ընդդիմություն-իշխանություն համագործակցության մասին պետք է ոչ թե խոսել առիթից առիթ, այլ ստեղծել դրա համար համապատասխան դաշտ: Այս մասին 24-ին ՀՅԴ ԳՄ անդամների մասնակցությամբ ՀՅԴ Շիրակի մարզի կոմիտեի առաջին համատեղ նիստից հետո NEWS.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ 15-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որում նա նշել էր, թե իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ Հանրապետականը խրախուսելու է այլ քաղաքական ուժերի համախմբումը:
«Այո, ընդդիմությունն ու իշխանությունը թշնամիներ չեն, ու միայն զարմանալ կարելի է, երբ իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, թե ընդդիմության համար որքան երկրում վատ, այնքան լավ: Բայց ընդդիմություն-իշխանություն համագործակցության մասին պետք է ոչ թե խոսել առիթից առիթ, այլ ստեղծել դրա համար համապատասխան դաշտ: Պետք է լինեն իրական մեխանիզմներ, որպեսզի ընդդիմությունը տեսնի՝ որտեղ կարող է համատեղ աշխատել եւ գործին օգուտ տալ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության ներկայացրած յոթ կետերից մեկը հենց դրան է վերաբերվում, որ ստեղծվի իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ:
Երկրում խնդիրները, ըստ Ռուստամյանի, այնքան շատ են, որ միայն իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, չի կարող դրանք լուծել: Իսկ որպեսզի հանրությունը հավատա, որ իշխանությունն ուզում է իսկապես ինչ-որ խնդիր լուծել, նախ պետք է վստահի նրանց. հարկավոր է հրաժարվել այն ծրագրերից, որոնց ժողովուրդը չի վստահում, օրինակ, պարտադիր կուտակայինից:
«Կառավարությունն ասում է, թե ուզում են ականջալուր լինել, ահա, դե թող, ուրեմն, ականջալուր լինեն ընդդիմությանը ու նաև իրենց ծրագրից հանեն այդ պարտադիր բաղադրիչը»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի (ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ) հետագա ճակատագրին՝ Ռուստամյանն ասաց, որ չնայած առանձին հարցերի շուրջ տարաձայնություններին, քառյակը, այնուամենայնիվ, պահպանում է կենսունակությունը:
«Ասել եմ, եւ ասում եմ՝ պետք չի մտածել, որ սա կարծր գործող դաշինք է, եւ ամեն պահի, երբ ինչ-որ մեկը մի քիչ այլ բնույթի, այլ ոճի գործունեություն է ծավալում, խոսեն քառյակի փլուզման մասին: Քառյակ է այնքանով, որ համաձայնեցնում է չորս քաղաքական ուժի միջեւ՝ ինչ միասին կարող ենք իրականացնել կոնկրետ հարց լուծելու առումով: Իսկ մնացած բոլոր հարցերում, որտեղ համաձայնություն, կոնսենսուս չկա, քաղաքական ուժերն ազատ են ամեն մեկը տնօրինելու իր ծրագրերը: Այսինքն՝ խնդիրներ, կան, որ մենք կարողանում ենք համաձայնեցնել համատեղ, եւ այդքանով քառյակն այսօր լուրջ դերակատարում ունի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:











