Մայիսի 25-ին Վանաձորում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով լուրջ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 27-ամյա կինն ու նրա երկամյա որդին։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 20:35-ի սահմանում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 10 հասցեում։ Վանաձոր քաղաքի բնակիչ 1978թ. ծնված Հ.Հակոբյանը «Հունդայի» մակնիշի 82 TD 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հատող մորն ու 2 տարեկան որդուն:

Պարզվել է, որ վրաերթի են ենթարկվել 1987թ. ծնված Ս. Երիցյանը և 2012թ. ծնված Դ. Մկրտչյանը: Ըստ ականատեսների, երեխային Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մոտակայքում գտնվող տաքսու վարորդը, իսկ մորն օգնության է հասել Շտապօգնության ծառայությունը։ Կնոջը տարբեր մարմնական վնասվածքներով, կոտրվածքներով ու գլխուղեղի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսների վկայությամբ «Հունդայի» մակնիշի մեքենայում բացի վարորդից եղել է եւս մեկ ուղեւոր:

Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները և քննչական խումբը: