«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստին այսօր՝ մայիսի 26-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան էր բերել մի տուփ հավկիթ, որոնցով, ինչպես նախապես հայտարարել էր, պատրաստվում էր հարվածել դատավորին, եթե վերջինը «կրկին անարդարացի որոշումներ կայացնի»։

«Վոլոդյա Ավետիսյանը դուրս գալով համակարգի դեմ՝ հայտնվել է այս իրավիճակի մեջ։ Այսօր հավաքագրված են փաստեր, որ Վոլոդյային այստեղ բերելու պատճառ չկար։ Ոստիկանության, ուժային կառույցների ներկայացուցիչներ, այսօր ձեզ ինչն է պակասում այս երկու ձուն, որ դուրս գաք այս համակարգի դեմ, անկախ դատավորներ, դատական մարմին, ի՞նչն է ձեզ պակասում, որ դուրս գաք ռեժիմի դեմ։ Ուրեմն այս ձվերը ես բերել եմ, որ բաժանեմ, ով ուզի, եւ եթե դատարանում մի բան լինի, կբարձրացնենք ձվերը եւ կհայտնենք մեր դժգոհությունը»,-ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը։

Նրան, սակայն, թույլ չտվեցին հավկիթները դատարան մտցնել։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։