Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը այսօր՝ մայիսի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում անցնում է չափազանց լարված մթնոլորտում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դահլիճում նույնիսկ կանգնելու տեղ չկա, Վոլոդյա Ավետիսյանին սատարելու են եկել մեծ թվով, այդ թվում՝ մարզերից եկած ազատամարտիկներ, Նախախորհրդանի անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։ Դատարանի բակում եւ դահլիճում աննախադեպ մեծ թվով ոստիկաններ եւ դատական կարգադրիչներ կան։

Մինչեւ դատական նիստի մեկնարկը «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը դատարանի բակում հայտարարություն արեց՝ հիշեցնելով, որ նախորդ դատական նիստին իրենք նախազգուշական ակցիա էին իրականացրել՝ փակելով դատարանից դուրս եկող մեքենաների ճանապարհը, որպեսզի չկարողանան Վոլոդյա Ավետիսյանին կալանավայր տանել։ Նա նախազգուշացրեց, որ եթե դատավորն այսօր չփոխի խափանման միջոց կալանքը եւ ազատ չարձակի Վոլոդյա Ավետիսյանին, իրենք նորից են նույն ակցիան իրականացնելու, եւ այս անգամ իրենց հետ տուն են տանելու իրենց մարտական ընկերոջը։

«Հարգելի դատավոր, իմացեք, ցանկացած դեպքում Վոլոդյան այստեղից դուրս չի գալու, բոլոր հետեւանքները մնալու են ձեր վզին։ Դուք ոչ թե իրավունք ունեք, այլ պարտավոր եք Վոլոդյային ազատ արձակել։ Մեքենան այսօր այստեղից դուրս չի գալու։ Դուք ընտրություն ունեք՝ կամ կատարել հանցավոր ռեժիմի հրամանները, կամ հարգեք ձեր խիղճը»,-ասաց Գագիկ Սարուխանյանը։

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանին ազատամարտիկները դիմավորեցին ծափահարություններով, դատախազին՝ դժգոհության բացականչություններով, «ամոթ», «սրիկա դատախազ» վանկարկումներով, Վոլոդյա Ավետիսյանին՝ «հերոս» բացականչություններով։

Նախախորհրդարանի երիտասարդ անդամները եւ քաղաքացիական ակտիվիստները դատարանի դահլիճում երգեցին «Հիմի էլ լռենք, եղբայր, հիմի էլ» երգը, որից հետո դատական կարգադրիչնեը դուրս հանեցին Վոլոդյա Ավետիսյանին, եւ  մի քանի րոպե անց կրկին հետ բերեցին։

Դատարանի դահլիճում այս պահին խստացված հսկողություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։