Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին փաստաբան Արա Զաքարյանը դատավոր Լեւոն Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու դատավորի որոշումը անօրինական եւ կամայական է, եւ ինքը հիմա դատավոր Լեւոն Ավետիսյանին գործողությունների վերաբերյալ ինքը նյութեր է նախապատրաստում՝ «Արդարադատության խորհուրդ» ներկայացնելու համար։

«Եթե ես դիմեմ Արդարադատության խորհուրդ, դա, բնականաբար, հակակրանք կառաջացնի իմ հանդեպ, ուստի դա եւս հիմք է, որ Դուք ինքաբացարկի որոշում կայացնեք»,-ասաց փաստաբանը։

Դատավոր Լեւոն Ավետիսյանը փաստաբան Զաքարյանին հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը ընդհատվեց հենց իր բոյկոտի հետեւանքով, փաստաբանն էլ հակադարձեց, որ ինքը ստիպված էր նման քայլի դիմել, քանի որ դատարանը հաշվի չառավ իր խնդրանքը, որպեսզի հետաձգեն դատական նիստը եւ իրեն ժամանակ տրամադրեն դատավորին ինքնաբացարկ ներկայացնելուն պատրաստվելու համար։

«Հարգելի դատավոր, ես պարտավոր չեմ ենթարկվել ձեր անօրինական կարգադրություններին, եթե ցանկանում եք, կարող եք իմ արածների համար դիմել Փաստաբանների պալատ, բայց համոզված եմ, որ պալատն ինձ կարդարացի»,-ասաց փաստաբանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Մինչ դատավորը խորհրդակցակա սենյակում որոշում է կայացնում ազատամարտիկները եւ դատարան եկած երիտասարդ ակտիվիստները հայրենասիրական երգեր են երգում դահլիճում։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։