«Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրիի կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին:

Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթեւան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզեւ նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթեւան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, եւ անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց եւ զուգարան օգտագործում են նույն շինության եւ նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: