Կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանի սպանության մեջ մեղադրվող՝ Արմավիրի Մուսալեռ գյուղի բնակիչ, 38-ամյա Արսեն Առաքելյանի համար դատախազը պահանջում է 11 տարվա ազատազրկում։ Դատախազ Արթուր Կուբանյանը, որն այսօր՝ մայիսի 27-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կարդաց մեղադրական ճառը, առաջարկեց հաշվի առնել փաստը, որ գործում չկան ծանրացուցիչ հանգամանքներ եւ որ ամբաստանյալն ընդունում է իր մեղավորությունը։ Արսեն Առաքելյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 8-15 տարով։
Դատական նիստի սկզբում Արսեն Առաքելյանն իր դիրքորոշումը հայտնեց նախորդ նիստին մեղադրող կողմի ներկայացրած քաղաքացիական դիմումի վերաբերյալ, որով Լուսինե Դավթյանի իրավահաջորդ Ռուբեն Դավթյանը ամբաստանյալից պահանջել էր փոխհատուցել իր դստեր թաղման և երեխաների խնամակալությունը ձևակերպելու ծախսերը:
«Ինքն իր աղջկա մահը էժանագին առևտրի է վերածել և անամոթաբար ստում է, թե իբր այդ ամեն ինչի վրա մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ է ծախսել»,- ասաց Արսեն Առաքելյանը:
Ամբաստանյալւ նաև ասաց, որ ինքը կալանավայրում աշխատելու հնարավորություն չունի և այդքան գումար չի կարող վճարել:
«Բանտում աշխատելու հնարավորություն ես չունեմ, իսկ գումարը գտնելու համար ես չեմ պատրաստվում մուրացկանությամբ զբաղվել: Իմ արդար պատիժը կրելուց հետո ես ցանկանում եմ իմ լուսահոգի կնոջ գերեզմանին հուշաքար դնեմ»,-ասաց ամբաստանյալը:
NEWS.am-ի հետ զրույցում սպանված Լուսինե Դավթյանի հայրը` Ռուբեն Դավթյանն ասաց, որ համաձայն չէ դատախազի հետ և կարծում է, որ աղջկա սպանողը ավելի ծանր պատիժ է արժանի:
«Իր կատարած հանցանքի համար ամենաքիչը պետք է 13-15 տարի տային: Հերիք չի՝ նման բան է արել, հիմա էլ ինձ զրպարտում է ու ասում, թե իբր այդքան գումար թաղման և հոգեհացի վրա չեմ ծախսել, ինքը ուղղակի շուկայան գներից տեղյակ չի»,- ասաց Ռուբեն Դավթյանը:
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանվող կողմը ժամանակ խնդրեց եզրափակիչ ելույթին պատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:
Հիշեցնենք, որ 37-ամյա Արսեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, իր եղբայր Արտակ Առաքելյանի Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը` ժամը 23:00-ին մահացել է:











