Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան տանող փողոցներն այսուհետեւ կկոչվեն 1918թ. Սարդարապատի  հերոսամարտի մասնակից զորավարների՝ Մովսես Սիլիկյանի և Դանիել Բեկ-Փիրումյանի անուններով: Սարդարապատի հուշահալիրում այսօր՝ մայիսի 27-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան ընդառաջ տեղի ունեցավ փողոցների անվանակոչման արարողությունը:

«Մենք զուտ պաշտոնական պարտականություն չենք կատարում՝ նրանց հիշատակը հավերժացնելով: Մենք տալիս ենք մեր հոգու պարտքը, որն այսօր յուրաքանչյուրինս է»,- հուշահամալիրում ասաց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

Անվանակոչման արարողությանը ներկա էր նաև պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Սարդարապատի ճակատամարտում երեւանյան զորախմբի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանի անունով կոչվեց Արաքս գյուղի Սեդրակ Գրիգորյանի անվան փողոցը, որը տանում է դեպի Սարդարապատի հուշահամալիր:

Հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան տանող փողոցն անվանակոչվեց Սարդարապատի զորաջոկատի ընդհանուր հրամանատար, ռազմական գործիչ Դանիել Բեկ-Փիրումյանի անվամբ:

Նշենք, որ 1918թ. մայիսի 21-27-ին հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արեւելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև Սարդարապատ կայարանի շրջակայքում տեղի ունեցած ճակատամարտում հայկական կողմի տարած հաղթանակի շնորհիվ Արեւելյան  Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար: 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախ հանրապետությունը:

Հերոսամարտին նվիրված Սարդարապատի հուշահամալիրը բացվել է Սարդարապատի հերոսամարտի հիսունամյակին։