Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կասկածյալ Իսոյի (Իսրայել Սարգսյան) խափանման միջոց կալանքը այսօր՝ մայիսի 27-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկարաձգվեց երկու ամսով:

Իսրայել Սարգսյանի փաստաբան  Գայանե Գալոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ասում է՝ ոչ թե ես մեղքս չեմ ընդունում, այլ ասում է՝ ես չեմ կատարել սպանությունները»։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա, որը հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամ է: Ֆեդերացիայից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք, որը ֆեդերացիայի պնդմամբ, ֆիլմերի նկարահանումներում օգտագործելու համար է:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, որը շրջապատում հայտնի է Իսո անունով:  Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: Մովսեսի դիակը դեռ չի գտնվել։