Մայիսի 26-ին Երեւանի Հալաբյան փողոցում հայտնաբերված եւ Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխված անդրկովկասյան գորշ արջը սթրեսային վիճակում է. անհանգիստ շարժումներ է անում, ճաղավանդակին մոտեցողներին տեսնելով՝ ագրեսիվ պահվածք դրսեւորում։ Կենդանուն տեղավորել են այգուն կից ճաղավանդակում, որն այցելուներին հասանելի չէ:
«Ինքը սթրեսի մեջ է ու իր տիրոջ վանդակում էլ ինքը այս նույն շարժումներն է արել: Այս շարժումները վկայում են, որ կենդանին լավ վիճակում չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու փոխտնօրեն Մանուկ Մանուկյանը:
Փողոցում հայտնաբերված արջը 1.5 տարեկան անդրկովկասյան գորշ արջ է, որի տեսակն այժմ գրանցված է Կարմիր գրքում:
Այգու փոխտնօրենը պատմեց, որ չնայած արջը սթրեսային վիճակում է, բայց վարքագծում լավ նշաններ էլ կան` այսօր խնձոր եւ գազար է կերել. «Արջերը պրոբլեմատիկ կենդանիներ չեն, կարելի է ասել`ամենակեր են: Բայց երբ նոր կենդանի ես բերում, պետք է տիրոջ հետ խոսես, ճշտես, թե ինչեր է կերել, քանի որ կերի փոփոխությունը, ընդհանրապես, կարող է ազդել կենդանու վրա: Բայց հիմա մենք տալիս են թեթեւ կերեր` բանջարեղեն, միրգ»։
Մանուկ Մանուկյանը զարմացած է, թե երեկ փողոցում հայտնված կենդանին ինչպես չի վնասել իրեն հանդիպած քաղաքացիներին:
«Մարդկանց բախտը բերել է ուղղակի: 1,5 տարեկան արջն արդեն վտանգավոր է, այդ մարդիկ, որ հավաքված էին, նրանցից ոչ թե մեկին, այլ մի քանիսին կարող էր վնասել: Նման դեպքերում չի կարելի կենդանուն մոտենալ, կամ արագ փախչել, կենդանին անկանխատեսելի է»,- ասաց այգու փոխտնօրենը:
Մանուկյանը պատմեց, որ Կենդանաբանական այգում արջերի վանդակին կից 6 հեկտար տարածքում նախատեսվում է նոր ազատավանդակ կառուցել արջերի համար:
«Երեւանում ու մարզերում կան շատ տեղեր, որ գազալցակայաններում, ռեստորաններում կամ ինչ որ նկուղներում նման արջեր են պահում, փոքր ժամանակ նրանք լավն են, որպես խաղալիք վերցնում են, պահում, իսկ երբ դառնում է հինգ-վեց ամսական, դառնում է արդեն պրոբլեմատիկ, վտանգավոր կենդանի, ու այդ ժամանակ չգիտեն` ինչ անեն: Այդ հատվածում, որը նոր պետք է կառուցվի, կարող ենք տեղավորել այդ արջերին: Այդտեղ մոտ 20 արջ կարող ենք պահել, մարդիկ թունելով կմտնեն աշտարակ, կբարձրանան վերեւ կամրջակների վրայով կարող են քայլել ու նայել կենդանիներին վերեւից: Սա մեր նոր նախագիծն է, որի գումարի մեծ մասը տալու է քաղաքապետարանը»,- պատմեց այգու փոխտնօրենը:
Մանուկ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի եւ Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխված 3 տարեկան արու յագուարը հարմարվել է եւ իրեն լավ է զգում Հայաստանում:











