Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը առաջարկում է չքաղաքականացնել Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքը, առավել եւս՝ չանհանգստանալ այդ գործարքի պատճառով։

«Ոչ մի բան էլ չկա։ Մեկ ա, վերջում էդ զենքը Ադրբեջանը մեզ հետ կիսելու ա։ Որովհետեւ եթե պատերազմ եղավ, մենք կհաղթենք, ու էդ ամբողջ զենքի կեսը կմնա մեզ»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց գեներալը։

Լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանն այժմ պատերազմական վիճակի մեջ է, Մանվել Գրիգորյանն պատասխանեց.

«Ոչ, ամեն ինչ վերահսկվում ա։ Պետք եղած ժամանակ հակահարված կտանք։ Իսկ հիմա ոչ մի վտանգ էլ չկա։ Ամեն ինչ նորմալ ա»։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որին դիմակայելու ժամանակ զոհվել էր ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորվել էր զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Նույն մարտական հենակետում նույն օրը զոհվել էր փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Բալայանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am