Հայոց բանակը պաշտպանունակ է՝ ունի բարձր մարտունակություն, իսկ Ադրբեջանի սպառազինումը իր իրավունքն է եւ կապ չունի, թե ում կողմից է զինվում:Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին ռուսական տանկերի վաճառքի վերջին գործարքին։
«Կարո՞ղ է մեր թշնամին՝ մեր հակառակորդը, սպասի, որ մենք զինվենք, դա ցանկացած պետության իրավունքն է, եւ իմ նախորդ պաշտոնի բերումով եւս ես տեղյակ եմ, որ մեր բանակը բացարձակ պաշտպանունակ է՝ թե սպառազինությունների մրցավազքի առումով, եւ թե, ընդհանրապես, բանակի մարտունակությունը բավական է՝ բացարձակ բարձր մակարդակի վրա»,- ասաց նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ տեսնելով հայոց բանակի մարտունակության բարձր մակարդակը, իրեն չի մտահոգում հակառակորդի զինվածության մակարդակը. «Դրա համար ես շատ հանգիստ եմ, դրա համար մեր հակառակորդի զինվածության մակարդակը, ավելացումը կամ պակասումը, ընդլայնումը կամ նվազումը ինձ չի մտահոգում»:
Անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին, գլխավոր դատախազն ասաց. «Մեր ժողովրդի խիզախության, համարձակության, հայրենասիրության դրսևորման օրինակներ են: Բոլորիս համար ուսուցողական է այն առումով, որ պետք է փառաբանենք մեր նախնիներին, հետևություններ անենք մայիսյան հերոսամարտերից և մեր պատմության մյուս դրվագներից՝ մեր երկրի անվտանգության և բարօրության միակ երաշխիքը մեր միասանությունն է»:











