Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ավարտուն ճարտարապետական համալիր է, եւ պետք է զերծ մնալ դրա հետ կապված ճարտարապետական փոփոխություններից: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում  ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքին:

«Ես աճուրդի հետ կապված չեմ կարող ասել, նման գործառույթներ մենք չունենք, իմ խնդիրն այն է, որ բովանդակային մասով ծառայի, եւ ճարտարապետական փոփոխություններ չլինեն։ Ինձ հայտնել են ճարտարապետների մտահոգությունները՝ կապված այդ կառույցի արժեքի հետ, եւ պետք է ասել, որ այդ մտահոգությունները տեղին են: Ես պատրաստվում եմ անպայման հասկանալ՝ ինչ է պայմանագրում գրված: Այդ շենքը ավարտուն ճարտարապետական համալիր է եւ արտահայտում է խորհրդային շրջանի տվյալ տիպի նոր տեխնոլոգիաների կիրառումը, եւ ցանկացած պարագայում պետք է զերծ մնալ ապագայում դրա հետ կապված որեւէ ձեւախեղումներից, ուստի այդ կետը այսպես թե այնպես պետք է ամրագվի»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «ԲԱՄՕ» ընկերությունը 2005թ. Մարզահամերգային համալիրը սեփականաշնորհել է 5 մլն 700 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց: Այժմ համալիրը հանվել է աճուրդի՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով։