ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի անկախությունը վտանգված չէ, հասարակության մեջ տրամադրության անկում, իշխանություններից հիասթափություն չկա։

«Խի դու մեր, քո ախպերների, քո հորոխպերների վրեն կասկածում ե՞ս: Չեն կարո՞ւմ պահեն սահմանը կամ երկիրը»,- Մանվել Գրիգորյանն ասաց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք այսօր կարողանում ենք պահպանել մեր հաղթանակները։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանը արդեն երկու անգամ պետականություն է կորցրել, գեներալ Մանվելը պատասխանեց. «Չենք կորցնի էս մեկը 100%, քո խաթր չենք կորցնի»: 

Մանվել Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ հասարակության մեջ չկա ոչ տրամադրության անկում, ոչ էլ իշխանություններից հիասթափություն։

«Դե, նայած մարդ: Օրինակ, ես ոչ մեկից էլ հիասթափված չեմ: Թե դուք ումից եք հիասթափված, չեմ իմանում։ Էջմիածնեցին վաբշե գոհ ու լավ ա: Իրան լավ ա զգում: Կարող ա՝ դուք ձեզի լավ  չեք զգում, ձեր տանը, ձեր փողոցում, բայց էջմիածնեցիք իրանց լավ են զգում: Ստե օրինակ սաղ Էջմիածնեցի են, հարցրեք»:

Իսկ ինչի՞ց են գոհ էջմիածնեցինը, հետաքրքրվեցին լրագրողները։

«Ապրըմ ա: Իրա քաղաքում անկախ ժողովուրդը ապրում են, ոչ թե թուրքի կամ սրա նրա լծի տակ են, էղա՞վ՝ ինչի հըմար: Անկախ ժողովուրդ են, իրանց հըմար ապրըմ են, ինչ ուզում են, անում են»,- ասաց գեներալ Մանվելը։

Մանվել գրիգորյանը վստահ է, որ Հայաստանում այսօր հացի խնդիր չկա։

«Դե լավ, էլի, հացի խնդիր ոչ մեկն էլ չունեն: Ամոթ ա էլի... Այ, գաղթականությունը կա, որը շատ վատ բան ա: Մարդականց որ գնում են, պետք ա, որ գնում են: Նենց պտի անեն, որ հետ գան։ Ոչ թե մոստերը վառելով կամ դրանց հիասթափացնելով գնան, գան, ոչ թե իրանք հիասթափվեն, այլ երբ հետո հարմարվի, վերադառնան… Մենք ընդհանրապես մեր ազգը, միշտ էլ՝ Սովետական Միության ժամանակ էլ, միշտ գնացել են, դրսերն աշխատել են, գումարներ են բերել, հայթայթել տերբեր տեղերից բերել են: Մեր տարածաշրջանների, ասենք, Վարդենիսի, էն սարերի, բաների ապրողների 90%-ը խոպանչի են եղել, էսօր էլ»:

Մանվել Գրիգորյանը կարծում է, որ արտագաղթի պատճառը վստահության պակասն է, բայց ոչ թե իշխանությունների, այլ «իրանք իրանց, իրանց երեխաների հանդեպ»:

«Իշխանություններն էսօր կան, վաղը չկան: Ըտենց չի՞: Մտածում եք ամեն մարդու, որ տվել են, պապական պտի մնա՞: Լա,վ ամեն մեկին ամենաշատը 10 տարի չի՞, որ պտի ղեկավարեն: 10 տարի հետո նորից պտի փոխվեն»:

Արտագաղթը, Մանվել Գրիգորյանի կարծիքով, խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. «Նայած՝ ով ինչ առիթ ա ստեղծում: Էսօր աշխարհում ա տենց: Նույնը բոլոր երկրներում: Նույնը ավելի հզոր Ուկրաինայի պես երկրում ա տենց, Ռուսաստանի պես երկրում: Եվրոպան գնում ա ուրիշ տեղ, Ռուսաստանը գնում ա Եվրոպա, սենց խառնվել են իրար»։