Ռուսաստանն իր շահերն ունի և չի կարող միայն Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքի շուրջ մտահոգություններին:
«Մենք պետք է նայենք՝ մենք ինչ ենք կարողանում ձեռք բերել մեր անվտանգության առումով: Կարծում եմ՝ այսօր, իհարկե, կարելի էր ավելի մեծ այլընտրանքներ ունենալ, բայց այսօր մեր հիմնական անվտանգության համակարգը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով, սակայն, ես կարծում եմ՝ պետք է այլընտրանքներ ունենալ, պետք է բազմազան դառնա մեր անվտանգության համակարգը, որպեսզի ավելի երաշխավորված լինի անկախությունը»,-նշեց պատգամավորը:
Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի անկախության կորստի վտանգ չկա, ընդհակառակը՝ մենք այնքան թանկ ենք վճարել անկախության համար, որ մեզ ոչինչ չի կարող ստիպել հրաժարվել դրանից: Լրագրողների այն դիտարկմանը, որ մինչեւ այս երկու հանրապետություն ենք կորցրել, Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում՝ կորցրել ենք: Եթե կորցրած լինեինք՝ երրորդը չէր լինի: Առաջինն իր դերը խաղացել է և բնականաբար, եթե առաջին հանրապետությունը չլիներ, ոչ երկրորդը կլիներ, ոչ էլ երրորդը: Դրանք զարգացման էտապներ պետք է դիտենք, ոչ թե համարել, որ մեկը կորավ, մյուսը հանկարծ ոչնչից ստեղծվեց: Էդպես չի լինում: Հիմքը դրվել է 1918թ. մայիսի 28-ին, արդեն եթե 96 տարի մենք կարողանում ենք մեր անկախությունը պահել, դա արդեն մեծ բանի մասին է խոսում»,-նշեց պատգամավորը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











