Հայերը աշխատասեր, նպատակասլաց ժողովուրդ են, նրանց ականջօղով տղամարդիկ պետք չեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ նշելով, որ «Հայաստանը Եվրոպայից միայն վատ բաներն է սովորում», եւ պետք է միասնական լինի Ռուսաստանի հետ։

«Բոլոր պետությունները եթե ուզում են հզոր լինեն, պիտի միասնական լինեն, հիմա եվրոպան սաղ միասնական ա, իրենք անկախ չե՞ն: Մենք էլ Ռուսաստանի հետ միասնական լինենք,  իրար օգնենք, որ չհոգնենք: Բայց ի՞նչ կա Եվրոպա, մեր ազգը Եվրոպայի ամենավատ բաներն ա սովորում, լավ բաները չի սովորում»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե ինչ վատ բան են սովորել հայերը եվրոպացիներից, պատգամավորը պատասխանեց. «Գնա Երեւան ֆռա, կտենաս, տղամարդիկ արդեն ականջօղ են կախում, այ էդ ա»,- ապա դիմեց լրագրողին. «Ականջօղով մարդու կառնե՞ս դու»

Գեներալի կարծիքով՝ հայ տղամարդը պետք է լինի ոչ թե ականջօղով, այլ «ղայդին»՝ իր նման:

Սեյրան Սարոյանը հայերին ցանկացավ «խաղաղություն, խաղաղություն եւ խաղաղություն» ու հիշեցրեց, որ նախկինում իրենք ավելի վատ վիճակում են ապրել:

«Ինչ դժվարություններ, որ ունեն, կանցնի, 90-ականներն ավելի դաժան էր, ավելի նեղ էինք ապրում, էդ ամեն ինչն էլ անցավ: Ճիշտ ա՝ ժողովուրդը ինչքան լավանում ա, էնքան ուզում ա՝ ավելի լավ լինի:  Միանշանակ տենց ճիշտ ա: Մեր ժողովուրդը արժանի ա, մենք աշխատող ժողովուրդ ենք: Իմացի ,որ մեր երկրին ականջօղով տղամարդիկ պետք չեն»,- նշեց գենարալը: