2013թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը`Հովսեփ Մուրադյանը, այսօր՝ մայիսի 29-ին, Կառավարության շենքի մոտ էր եկել  վարչապետ Հովիկ Աբրահամյանին 3 պահանջ ներկայացնելու։

«Առաջինը, պահանջում եմ հսկողություն սահմանել որդուս գործով դատական նիստերին, երկրորդ`միջնորդի, որ դատական նիստերն անցկացնեն Սյունիքի մարզի Սիսիան կամ  Գորիս  քաղաքներում, եւ երրորդ՝ պաշտպանի իմ որդու ապրելու սահմանադրական իրավունքը, որը ոտնահարվել է: Արդար դատավարության միջոցով կվերանա այն անպատժելիության մթնոլորտը, որը տիրում է բանակում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հովսեփ Մուրադյանը:

Չնայած պաշտոնական վակածով Արման Մուրադյանն ինքնասպանություն է գործել, հոր խոսքով` նրան մարտական հերթապահության ժամանակ հրազենով սպանել է գումարտակի հրամանատար Էմիլ Ավետիսյանը այն պատճառով, որ բարկացել է, երբ զանգահարել է հենակետ եւ 4 զինվորներից ոչ մեկը չի պատասխանել իր զանգին, այնինչ, հոր  խոսքով՝ հեռախոսը չի աշխատել:

«Մինչեւ այդ էլ հրամանատարը բռնություններ է կիրառել զինծառայողների նկատմամբ` վազեցրել եւ ծեծել է, ինչի մասին վկայում են իմ որդու ձեռքերի եւ ոտքերի վրա հայտնաբերված բազմաթիվ վնասվածքները»,-ասաց Հովսեփ Մուրադյանը:

Նա նաեւ նշեց, որ իր ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, ինքն էլ վատառողջ է, եւ ի վիճակի չէ ամեն անգամ Ստեփանակերտ հասնել դատական նիստերին մասնակցելու համար, այդ պատճառով միջնորդել է, որ որդու գործով դատական նիստերն անցկացնեն Սյունիքի մարզի դատարաններից մեկում, սակայն մերժում է ստացել:

«Սեպտեմբերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծնողներիս հետ զրույցում ասել է, որ կհոգա մեր փաստաբան վարձելու եւ դատական նիստերին մասնակցելու ծախսերը, սակայն այնուհետեւ մեր գրավոր դիմումին բացասական պատասխան տվեց, այսինքն միջոցներ չունի, որ տրամադրի, այդ պատճառով իմ իրավունքները պաշտպանում են հանրային պաշտպաններ Արթուր Սաքունցը եւ Ռուբեն Մարտիրոսյանը»,- ասաց զինծառայողի հայրը:

Նշենք, որ պաշտոնական վարկածով գումարտակի հրամանատար Էմիլ Ավետիսյանը դրդել է Արման Մուրադյանին ինքնասպանության, սակայն Հովսեփ Մուրադյանը չի հավատում այդ վարկածին:

«Զինգրքկույկում գրանցված չէ զենքը, որից կրակել են, զենքի վրա չկան մատնահետքեր, կեղծել են որդուս ստորագրությամբ ստացած զենքի մատյանը, եւ միակ հիմքը, որ իրենք ունեն, իբր հրամանագրքով զենքը գրանցված է որդուս անունով, բայց դա կեղծված է։ Ես եղել եմ հենակետում եւ ոչ մի զինվորի ձեռքին չեմ տեսել ծալովի խզակոթով ավտոմատ, դա կրում են միայն հետախույզները եւ հերթապահ սպան, իսկ իրենք ասում են, որ այդ զենքով է իմ տղան ինքնասպանություն գործել»,-ասաց Հովսեփ Մուրադյանը:

Նշենք, որ այսօր Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խոստացավ մայիսի 31-ին ընդունել մահացած զինծառայողների ծնողներին: