Լրագրող Անի Գևորգյանը, որին օրեր առաջ թույլ չէին տվել մասնակցել իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի առերեսմանը՝ իր հետ լրագրողական տեխնիկա ունենալու պատճառով,  այսօր՝ մայիսի 29-ին, առերեսման Հատուկ քննչական ծառայություն մտավ առանց տեխնիկայի:

Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն բանի վերաբերյալ, որ փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների իրազեկման  ակցիան լուսաբանելիս  ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությունը, փորձել են խլել տեսախցիկը, բռնի ուժով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտն ու բռնություն են գործադրել իր նկատմամբ: Լրագրողի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով`պաշտոնական անձի կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, բռնության գործադրմամբ պաշտոնական լիազորություններն անցնելը:  Քննչական գործողությանը՝ առերեսմանը, մասնակցելու համար մեկ շաբաթ առաջ Անի Գևորգյանին հրավիրել էին ՀՔԾ, սակայն թույլ չէին տվել մասնակցելու քննչական գործողություններին, քանի որ նա իր հետ լրագրողական տեխնիկա էր ունեցել:

«Քննիչն ինձ մեկ շաբաթ առաջ արգելեց մտնել ու մասնակցել քննչական գործողությանը՝ նշելով, որ հատուկ քննչական ծառայության պետի հրահանգով արգելվում է տեսախցիկով շենք մտնել: Ես բացատրեցի, որ քանի որ ինձ հրավիրել են աշխատանքային օր ու ժամի, բնական է, որ իմ աշխատանքային լրագրողական տեխնիկան ինձ մոտ է: Սակայն դա որևէ բան չփոխեց, և քննիչն ինձ արգելեց մասնակցելու քննչական գործողությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Անի Գևորգյանը՝ նշելով, որ այս անգամ  քննիչն իրեն նախօրոք տեղեկացրել է, որ տեխնիկայով չգնա:

Լրագրողի կարծիքով՝ տեսախցիկն ընդամենը պատրվակ էր՝առերեսումը հետաձգելու համար:

«Նախորդ անգամ նման խնդիր ստեղծելն իրականում սադրանք էր: Այս քրեական գործի նախաքննությունից պարզ երևում է, որ որևէ մեկը չի պատրաստվում պատասխանատվության կանչել ոստիկաններին»,-նշեց Անի Գևորգյանը: