Էջմիածնեցի 1-ամյա Նժդեհն  արդեն 3 օր է՝ մոր եւ տատի հետ գիշերում է Էջմիածնի այգիներից մեկում: Այսօր` մայիսի 29-ին, Մելանյա Մկրտչյանը՝ հարսի եւ մեկամյա թոռնիկի հետ կառավարության մոտ էր եկել պաշտոնյաներին դիմելու, որ օգնեն իրենց թեկուզ ժամանակավոր բնակարան տրամադրելու հարցում:

«Մնում էի Մովսես Խորենացի փողոցի 34 շենքում, երեք ամիս վարձը չենք տվել, տանտերը դուրս է հանել, հիմա էլ իրերով Էջմիածնի այգու մեջ ենք մնում: Երեխայի հայրը հիվանդ տղա է, գնացել է Մոսկվա, որ մի երկու կոպեկ գումար աշխատի, բայց անձնագիրը ձեռքից վերցրել են, հիմա փողոցում է։ Մենք բոլորին դիմել ենք` նախագահին, վարչապետին, պատասխանում են, որ առայժմ բնակարան չկա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՄելանյաՄկրտչյանը:

Տիկին Մելանյան ասաց, որ Էջմիածնում կա հանրակացարան, որտեղ դատարկ բնակարաններ կան, սակայն մարզպետը չի ցանկանում իրենց տրամադրել այդ բնակարաններից մեկը, ասում է` վաճառվում են, իրենք էլ գումար չունեն:

Տիկին Մելանյան Կառավարության  նիստից հետո դիմեց  ՀՀ Արդարադատության նախարարին, որը խոստացավ ծանոթանալ նրանց խնդրին եւ պատասխան տալ: