Նախորդ տարի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը Այնթապ գյուղում  գազի պայթյունից տուժած տան բնակիչները շարունակում են ապրել պայթյունից ավերված ու վթարային դարձած տանը։ Այսօր` մայիսի 29-ին, Պետրոսյանները Կառավարության մոտ էին եկել, որպեսզի խնդրեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին կատարել խոստումը եւ օգնել նոր տուն վարձելու հարցում։

«Մի տարի մեր ուժերով վարձով էինք մնում, հիմա տանտերը եկել է, մնացել ենք մեր այդ փլված տանը: Վարչապետին մայիսի 15-ին տեսել եմ, ասել է՝ գնացեք մարզպետարան, եթե մարզպետը ինչ-որ բան չանի, եկեք, ես կընդունեմ»,- NEWS.am-ին ասաց Գյուլնարա Պետրոսյանը` նշելով, որ 15 օր է անցել, սակայն մարզպետարանն իրենց չի օգնել:

Մարզպետարանը Պետրոսյաններին առաջարկել է հանգստյան տան ուղեգիր, որը, տիկին Գյուլնարայի խոսքով, իրենց պետք չի. «Ի՞նչ եմ անում, երբ որ տղայիս բուժում է անհրաժեշտ, վիրահատություն, մեզ էլ տուն է պետք առաջին հերթին, որ ապրենք:  8 ամսական թոռ ունեմ, ու այդ փլատակների մեջ ենք ապրում»:

Տիկին Գյուլնարան ասաց, որ մարզպետարանից իրենց խոստացել են, որ տան վարձը կտան, սակայն իրենք տուն գտել են, իսկ մարզպետարանը հրաժարվում է տան վարձը տալուց: Գյուլնարա Պետրոսյանի  27-ամյա որդին երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել պայթյունից հետո: Տան միակ աշխատողն էլ մեծ տղան է, որը ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ:

Տիկին Գյուլնարայի խոսքով` իրենց տան գազի գիծն անցկացվել է նորմերի խախտումներով. «Քրեական գործ է հարուցվել «Գազպրոմ Արմենիայի դեմ, բայց նախաքննությունը բազմաթիվ խախտումներով է անցել, եւ մինչեւ հիմա գործը դատարան չի հասել, այդ մասին ցանկացել եմ ոստիկանապետին հայտնել, բայց մինչեւ հիմա չի հաջողվում հանդիպել Վովա Գասպարյանին»:

Տիկին Գյուլնարայի ամուսինը` Իշխան Պետրոսյանն էլ նշեց, որ փլված տան հյուրասենյակում 6 հոգով են գիշերում. «Վարագույրով մի սենյակ ենք կտրել, բայց ահավոր է, տանիքը ծակ է, հող է թափվում հաց ուտելուց, միջատներ: Այ տենց տրաքած տան մեջ ենք մնում»:

Ամուսինների խոսքով` իրենք ունեն փորձագիտական եզրակացություն, որ տունը բնակության ենթակա չէ, բայց ճարահատյալ շարունակում են մնալ այդ տանը:

Ամուսինները կառավարության նիստից հետո մոտեցան Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, որը խոստացավ զբաղվել նրանց խնդրով: