Հաղարծին գյուղի բնակիչներ, անչափահասներ Արմանը, Թաթուլն ու Տիգրանը մեղադրվում են Հաղարծինից տարբեր գողություններ կատարելու մեջ:

Ապրիլի 13-ին ոստիկանության Դիլիջանի բաժնից ահազանգ ստացվեց, որ Հաղարծինի խանութներից մեկից գողություն է կատարվել: Անհայտ անձինք մտել էին խանութ եւ հափշտակել 300 հազար դրամի ապրանք: Ապրիլի 25-ին նորից ահազանգ ստացվեց, որ դպրոցից համակարգչային պարագաներ են գողացվել:

Մայիսի 13-ին ոստիկաններին հաջողվեց պարզել, որ այդ գողությունները կատարել են Հաղարծինի բնակիչներ, գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներ Արմանը, Թաթուլն ու Տիգրանը: Արդեն ոստիկանությունում տղաները խոստովանեցին իրենց կատարած գողությունները: Բացի վերոհիշյալ դեպքերից՝ դպրոցականները ապրիլի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում փոստից մալուխ եւ կշեռք էին գողացել, նաեւ մթերային երկու խանութներից ոգելից խմիչք, քաղցրավենիք եւ գումար էին հափշտակել:

Ոստիկանությունում սակայն տղաները սկսեցին արդարանել, թե առանց գիտակցելու են այդ քայլին դիմել:

«Ոնց որ արկածներ լինի, զուտ հետաքրքրության համար, զբաղմունք չենք ունեցել էլի, որ մեր հետաքրքրությունները բավարարենք»,- ասաց տղաներից մեկը:

Տղաները ստորագրությամբ ազատ են արձակվել: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: