Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործը, մթնոլորտն այսօր՝ մայիսի 30-ի, կրկին թեժացավ, երբ դատավորը որոշեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի վատառողջությունը։
Ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանը նիստին չէր ներկայացել, մյուս փաստաբան Վաղինակ Գեւորգյանը միջնորդեց 10 օրով հետաձգել նիստը, մինչեւ իր պաշտպանյալի առողջական վիճակը կարգավորվի, քանի որ վերջինն իրավունք ունի վերջին խոսք ասելու։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավիթ Խաչատրյանը շատ թույլ տեսք ուներ, նա նիստերի դահլիճ մտավ ոստիկաններին թեւանցուկ, նիստի ընթացքում անընդհատ գլուխը սեղանին էր դնում։ Հիշեցնենք, որ ամբաստանյալը դատարան է տեղափոխվել Իջեւանի քաղաքային հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել է նախօրեին։ Նա ի նշան մեղադրողի կողմից իրեն 18 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջի դեմ բողոքի, կարել էր բերանը, որը քանդեց միայն 17 օր հետո։ Դավիթ Խաչատրյանի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը դեռ շատ թույլ է։
Մեղադրող Արթուր Զաքարյանը ասաց, որ ինքը դեմ չէ հետաձգման, սակայն պաշտպանական կողմը թող հիվանդանոցից փաստաթղթեր բերի, քանի որ հնարավոր է, որ Դավիթ Խաչատրյանը հիվանդ չէ իրականում։ Վաղինակ Գեւորգյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանին նիստից առաջ ներարկում են արել, որ կարողանա մասնակցել դատական նիստին, դատավորն էլ բարկացավ՝ ասելով, որ ներարկումը բժշկի նշանակումով է եղել, ոչ թե նիստին մասնակցելու համար։
Դատավոր Զոյա Զաքինյանը ամբաստանյալին հարցրեց՝ արդյոք ի վիճակի է մասնակցել նիստին, ինչին Դավիթ Խատարյանը պատասխանեց, որ ի վիճակի չէ։
Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հետաձգեց նիստը, ինչը վրդովմունք առաջացրեց Լյուքս Ստեփանյանի հարազատների շրջանում։
«Այսքան ժամանակ ի՞նչ ես մտածել, մտածեիր, այսօր նիստ չնշանակեր, էդ Ձեր հրամանով է, որ այս վիճակին է, բերան կարելն էլ է ձեզանից դուրս եկել»,- վրդովված փաստաբանին դիմեց Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը։
«200 կմ կտրել, եկել ենք, իսկ դուք հետաձգում եք։ Սա Երեմ Սարգսյանի ծրագիրն է։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, այստեղ ենք մնալու, եթե պետք լինի, Երեւան կգնանք»,- բղավում էին Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները, որոնք երկար ժամանակ հրաժարվում էին լքել նիստերի դահլիճը։
Դատական կարգադրիչներին դժվարությամբ հաջողվեց հեռացնել նրանց դահլիճից։
Դատական հաջոդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:













