Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում, եւ ոչ թե ճանապարհի կողնակում, քանի որ մեքենաների ապակիների բեկորները եւ յուղը վթարից հետո թափված են եղել փողոցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեպքի վայրի զննության արձանագրության հետազոտման ժամանակ հայտարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Քննիչը արձանագրության մեջ սխալ է թույլ տվել՝ գրելով, թե վթարը եղել է կողնակում. եթե նա նշեր, որ մեքենան կողնակ դուրս չի եկել, Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը անհիմն կլիներ: Հեղուկը թափված է փողոցում, բախումից հեղուկը չի կարող երկու մետր հեռու թափվել, այն անպայման կթափվեր կողնակին, ապակին եւս կթափվեր կողնակին, եւ ոչ ասֆալտի վրա: Իսկ կողնակին ոչ հեղուկ, ոչ ապակի չի հայտնաբերվել»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով, քննիչը դեպքի արձանագրություն կազմելիս եւս մի սխալ է թույլ տվել.
«Նախաքննական մարմինը կազմելով գծագիր՝ չէր կարող չնկատել այս երկու հետքերը՝ անիվների հետեւից թողնված հետքերը: Հնարավոր չէր, որ մանրամասն նկարագրեր բեկորները, որոնք ընկած են, բայց չնկարագրեր մեքենայի հետեւից թողած հետքերը: Դրանք մեքենայի կողասահքի հետքեր են: Եթե քննիչն արձանագրած լիներ այս հետքերով հետ գնալով, պարզ կլիներ՝ որտեղ է եղել վթարը»:
Իր նկատած խախտումները փաստաբանը ցույց էր տալիս դատարան բերած գծագրի վրա, որը դեպքի վայրի եռաչափ մոդելավորված գծագրի որոշ հատվածների խոշորացված օրինակն էր։
Արձանագրության վերաբերյալ Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարության ժամանակ փաստաբանի եւ դատավորի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Դատավորի համար պարզ չէր, թե ինչ գծագիր է փաստաբանը ներկայացնում:
Փաստաբանը ասաց. «Լուռ լսեք, վերջում կարծիք կկազմեք»։ Սա բարկացրեց դատավորին. «Երբեք չփորձեք ինձ կարգադրություն տալ՝ լուռ լսեմ, թե ընդհատեմ։ Ինչպես մյուս կողմերը, Դուք նույնպես կողմ եք, Դուք այժմ մամուլի ասուլիս չեք տալիս եւ ԶԼՄ-ների համար չեք աշխատում: Եթե փորձում եք ինչ-որ մեկին ձեռք առնել, չի ստացվի, աշխատեք ավել-պակաս չխոսել դատարանում»։
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց, որ դեմ է Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած փաստերին. «Դուք հիմա Վարդան Պետրոսյանի տեղը ցուցմունք եք տալիս»:
Դատավորը, սակայն, Վարդան Պետրոսյանի պաշտպանին թույլ տվեց խոսել. «Թող խոսի, սա նրա ենթադրություններն են, որպեզի նա չփորձի կարծիք ստեղծել, թե դատավորը սահմանափակում է իր խոսքի իրավունքը»:
Ավելի ուշ դատավորը Նիկոլայն Բաղդասարյանին նկատողություն արեց, թե «Դուք անընդհատ դատական նիստից եք ցիտում», ինչին փաստաբանը պատասխանեց. «Բա ինչի՞ց ցիտեմ, Աստվածաշնչի՞ց»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին չեն մասնակցում տուժող կողմի իրավահաջորդներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները, Էմմա եւ Տաթեւիկ Հակոբյանները: Տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց, որ նրանք խնդրել են դատական նիստն անցկացնել առանց իրենց ներկայության:
Դատական նիստին չի ներկայացել նաեւ դերասանի՝ Ֆրանսիայից ժամանած փաստաբան Մարի Լոռ Դոզեն:
Նշենք, որ նախորդ դատին ֆրանսիացի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Վարդան Պետրոսյանին դատական դահլիճից դատական դահլիճից ազատ արձակեն, որը դատավորը մերժել էր:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:






Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











