Բժիշկ Էդուարդ Ասատրանը կարծել է, թե Վարդան Պետրոսյանը ալկոհոլի ազդեցության տակ է, քանի որ նա ծիծաղել է եւ կատակել: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ մեջբերելով բժշկին ուղղված իր հարցման պատասխանը։
Նշենք, որ Էրեբունի հիվանդանոցի բժիշկը Վարդան Պետրոսյանին առաջին անգամ տեսնելով՝ արձանագրության մեջ գրել էր, թե նա ալկոհոլի ազդեցության տակ է, հետո երկու հարցական դրել կողքին:
«Ծիծաղում էր, կատակով էր հարցերին պատասխանում, այդ պատճառով կարծեցի, թե ալկոհոլի ազդեցության տակ է: Բայց քանի որ վստահ չեմ եղել, կողքին դրել եմ երկու հարցական նշան: Չեմ կարող ասել՝ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ: Երկու գրառումներս էլ կատարվել են միեւնույն ժամանակ միեւնույն գրիչով: Չի բացառվում, որ նրա վրայից եկող ալկոհոլի հոտը լիներ ճանապարհին նրա վերքերի մշակման եւ ներարկումների համար օգտագործած սպիրտի հետեւանքով»,- հարցման պատասխանն ընթերցեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Չնայած եւ դատախազը, եւ տուժող կողմի ներկայացուցիչը դեմ էին, որ այդ բժշկի պատասխանը կցվի գործի նյութերին, ամեն դեպքում դատավորը այն կցեց գործին:
Դատախազը, սակայն, ասաց, որ իր կարծիքով փաստաբանն «անիմաստ» հարցում է կատարել, քանի որ գործում առկա են այդ բժշկի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











