Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանն ընդդիմացողների տրամաբանությամբ պետք է վերացնել նաեւ Չարենցի արձանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Երեւանի կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը։

«Չարենցն էլ Լենինին գովերգող աշխատություններ ունի. հիմա ի՞նչ՝ Չարենցի արձանն էլ վերացնենք, Չարենցի հիշատակն էլ աղտոտե՞նք: Չարենցն իր ստեղծագործություններում մեծարել է մի մարդու՝ Լենինին, որը մեր ժողովրդին շատ մեծ վնաս է տվել. Հայաստանի տարածքների զգալի մասը նվիրել է Աթաթուրքին և ահռելի թվով զոհերի պատճառ դարձել: Ժամանակները ստիպեցին Չարենցին, որ նա իր այդ գործերը գրի: Բայց մեր ժողովուրդն այնքան իմաստուն է գտնվում, որ շատ լավ տարանջատում է Չարենցի՝ Լենինին նվիրված երկու պարտադրված գործերը, և Չարենցի մնացած վիթխարի աշխատանքները»,- ասաց Երնջակյանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի ավագանու նիստին «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հարց ու պատասխանի ժամանակ  ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցություններին կոչ արեց համատեղ մշակել ավագանու նախագիծ, որով չեղյալ կհամարվի ավագանու ապրիլի 30-ի աղմկահարույց որոշումը՝ խորհրդային տարիների հակասական պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու վերաբերյալ: