Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն այսօր` մայիսի 30-ին, չի մասնակցել ակադեմիկոս, պատմաբան Մկրտիչ Ներսիսյանի տան պատին նրա հուշատախտակը փակցնելու որոշման քվեարկությանը, քանի որ կարծում է` քաղաքապետարանը վերջին շրջանում խորհրդային տարիների հասարակական գործիչների պրոպագանդան է իրականացնում: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Խնդիր կա ոչ այնքան կոնկրետ էդ ցուցանակի պահով, որքան քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության։ Խնդիրը նա է, թե քաղաքապետարանն ինչ է ուզում պրոպագանդել հասարակությանը: Սա քաղաքականության հարց է։ Անգամ այն, որ ինքը ցեղասպանության մասին է գրել, դեռ բավարար չի հասարակությանը ասելու համար, որ այս տանը ապրել է մի շատ երեւելի անձնավորություն։ Սա այն մասին է վկայում, որ մարդիկ կան, որոնք սպասում են մարքսերի, լենինների, միկոյանների։ Այսինքն կարոտապղծություն կա: Փորձում են հերոսացնել պատմության մի էջ, որը ինչքան էլ որ փրկել է մեր ազգին ֆիզիկական կոտորածից, բայց ոչ պակաս վատություն է արել հայ ժողովրդին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ հուշատախտակը տեղադրելու որոշումն ընդունվել է ավագանու այսօրվա նիստին. ոչ ոք դեմ չէր քվեարկել: «Բարև Երևան» խմբակցության անդամները քվեարկությանը չէին մասնակցել:











