Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ (ֆոտոռեպորտաժ):
Կարեն Մկրտչյանի խոսքով՝ եկեղեցու կառուցումը ինքը նախաձեռնել էր դեռ 16 տարի առաջ, դա իր եւ արդեն հանգուցյալ մոր երազանքն էր՝ եկեղեցի կառուցել Արմավիր քաղաքում, որտեղ ծնվել է եւ մեծացել է մինչեւ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելը։
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը բարերարին պարգեւատրեց Գրիգոր Լուսավորիչ մեդալով, իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը շնորհեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում։
Արմավիր քաղաքում, որտեղ մինչեւ այս չկար եկեղեցի, երիտասարդներն այսուհետեւ իրենց պսակադրության համար ստիպված չեն լինի քաղաքից դուրս գնալ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











