13-ամյա Գարիկ Վարդանյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից։ Գրոյի, ինչպես նրան անվանում են ընկերները, տաղանդը առաջինը նկատել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, որն այն ժամանակ «Փյունիկ» մարզադպրոցի տնօրենն էր։
Թեեւ Գրոն դեռ 4 տարեկան էր, բայց Խորեն Հովհաննիսյանը չցանկացավ կորցնել խոստումնալից ֆուտբոլիստի ու մեկ տարի անց ընդունեց մարզադպրոց։
Հիմա արդեն «Փյունիկ-2-2000» թիմի կիսապաշտպան Գարիկ Վարդանյանը ակումբի լավագույն խաղացողներից է։ Պատահական չէ, որ հենց նրա ցուցադրական ելույթն ընտրեցին մարզիչները՝ Բելգիայից ժամանած հյուրերին ցույց տալու համար իրենց խաղացողների տեխնիկական հնարավորությունները։
Առաջին իսկ հանդիպմանը Գրոն ապացուցեց, որ Խորեն Հովհաննիսյանի հոտառությունն իրեն չի խաբել. 2009թ. մարզադպրոցների առաջնությունում 6 համարի մարզաշապիկով հանդես եկող կիսապաշտպան Գրոն 2 անգամ գրավեց «Ուլիսի» պատանեկան թիմի դարպասը, ինչի շնորհիվ «Փյունիկ-2-2000»-ը վստահ հաղթանակ տարավ։
«Գարիկը առանձնանում է իր տեխնիկական հնարքներով, գրագետ խաղացող է եւ կարողանում է տրամաբանել դաշտում խաղալիս, ինչպես տրամաբանում են շախմատ խաղալիս»,- ասում է «Փյունիկ-2- 2000» թիմի երկրորդ մարզիչ Աղվան Այվազյանը:
Չնայած Գրոն օրական միջինը 6 ժամ մարզվում է, դա նրան չի խանգարում գերազանց առաջադիմություն ցուցաբերել դպրոցում։
«Ամենաշատը սիրում եմ երկրաչափությունը, քանի որ այն տրամաբանելու հնարավորություն է տալիս»,- ասում է Գարիկը:
Գրոն իր ապագա հաջողությունը տաղանդի հույսին չի թողնում. մարզվում է նախանձելի աշխատասիրությամբ։ Բացի պարապունքներից՝ առավոտյան մինչեւ դպրոց գնալը և դասերից հետո մարզվում է ինքնուրույն, զարգացնում իր տեխնիկան։
Ալինա Նահապետյան











