Մի խումբ երիտասարդներ այսօր՝ մայիսի 31-ին, «Եռաբլուր» պանթեոնի արեւմտյան լանջին ձեռնարկել ենն մաքրման աշխատանքներ, որից հետո նրանք ՀՀ դրոշի գույներով ներկված քարերի միջոցով կստանան 1800 քմ տարածքով եռագույն դրոշ, որը տեսանելի կլինի օդանավակայանի ճանապարհից։
«Այսօրվանից սկսելու ենք մաքրման աշխատանքները: Նպատակը 30 մետր լայնությամբ եւ 60 մետր երկարությամբ դրոշ ստանալն է։ Ուզում ենք, որ ամեն հայ երկրից գնալիս մի պահ իր դրոշին նայի, կամ ամեն հայ կամ օտարերկրացի երկրի մտնելիս տեսնի մեր դրոշը»,- NEWS.am-ին ասաց նախաձեռնության մասնակիցներից Անդրանիկ Բաղդասարյանը։
Երիտասարդները սկզբում ցանկացել են ծաղիկներով ստանալ հսկայական եռագույնը, բայց դա ֆինանսական մեծ ծախսեր էր պահանջում, այդ պատճառով որոշեցին քարերով ստանալ այն։ Նախ կմաքրեն տարածքը, ապա հատ-հատ կներկեն քարերը։
Տարածքի մաքրման աշխատանքներին այսօր մասնակցելու էին եկել նաեւ երիտասարդներ տարբեր մարզերից: Երիտասարդները դեռ վստահ չեն կարող ասել, թե երբ կավարտվեն աշխատանքները. դա կախված է նրանից, թե որքան մարդ կմիանա իրենց:











