19-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ մեղադրվող 17-ամյա Հայկ Աղամալյանը պնդում է, որ վկա Կարեն Հարությունյանի նախաքննական ցուցմունքի մեջ կա հակասություն: Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 31-ին, Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով  հերթական դատական նիստի ժամանակ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել  ծեծկռտուքի մասնակիցներից Կարեն Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

«Այս վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումը կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանից հետո կարող են առաջանալ մի շարք հարցեր, որոնք պետք է տալ մյուս վկաներին»,- պատճառաբանեց Ռուբեն Բալոյանը:

Դատախազ Հակոբ Մելքոնյանը կարդաց Կարեն Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որում վերջինը գրել էր, որ սովորելով Երևանի թիվ 3 ավագ դպրոցում` կռվի է բռնվել նույն դպրոցի աշակերտ Էմանուել Թամամյանի հետ: Այնուհետև Թամամյանը իր ընկերների հետ իր հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով Ոսկու շուկայի մոտ գտնվող տարածքում ծեծել է Կարեն Հարությունյանին: Հայկ Աղամալյանը իմանալով, որ ընկերոջը ծեծել են, որոշել է իր մի քանի ընկերների հետ Տերյան փողոցում հանդիպել Էմանուել Թամամյանին:

«Երբ գնացինք Տերյան, տեսանք Էմանուել Թամամյանին, Մարտին Գևորգյանին և մի քանի ուրիշ տղաների: Հայկը մոտեցավ և հրելով նրանցից մեկին՝ հարցրեց՝ ով է խփել իր ընկերոջը: Հետո ես չեմ տեսել, թե ինչ է եղել, քանի որ ընկել  էի Խչոյի հետևից, ով Ոսկու շուկայի մոտ ինձ հարվածողներից մեկն էր: Երբ հետ եկա տաքսու մոտ, Հայկն ասաց, որ մարդ է խփել, Դավոն վերցրեց դանակը, մաքրեց արյունը ու գցեց տաքսու մեջ: Դրանից հետո ես գնացի Սևան, հորեղբորս մոտ, ու մյուս օրն ինտերնետից իմացա, թե ով է մահացել»,- գրված էր Կարեն Հարությունյանի նախաքննական ցուցմունքում:

Մեղադրյալ Հայկ Աղամալյանն ասաց, որ Կարեն Հարությունյանի նախաքննական ցուցմունքում կան մի շարք հակասություններ:

«Կարենի հետ խոսակցության ժամանակ ինքն ինձ ասեց, որ իրենց մոտ լիքը բան կա` նկատի ունենալով սուր ծակող–կտրող գործիք, կամ ինչ-որ զենք, որը կարելի է կռվի ժամանակ օգտագործել: Երբ ես հարց տվեցի, թե ով է խփել ընկերոջս, ես ուղղակի պատասխան էի ակնկալում լսել, ու ոչ մեկին չեմ խփել, ու երբ որ քաշքշուկը սկսվել է, նոր եմ կռվին մասնակցել »,- իր հայտարարության մեջ ասաց ամբաստանյալ Հայկ Աղամալյանը:

Սպանված Տիգրան Հայրապետյանի հայրը` Պատվական Հայրապետյանը, նույնպես ասաց,  որ Կարեն Հարությունյանի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, և ակնհայտ է, որ նա փորձում է ճշմարտությունը թաքցնել:

«Այն երթուղով, որով նա է անցել, չէր կարող չնկատել՝ ով ինչ է արել: Իմ մոտ հիմնավոր կասկածներ կան, որ Վահե Մկրչյանը ստում է»,- նշեց Տիգրան Հայրապետյանի իրավահաջորդը:

Այնուհետև դատարանը հարցաքննեց վկա Վահե Մկրչյանին, ով դեպքի օրը եղել էր Էմանուել Թամամյանի խմբի հետ: Վահե Մկրչյանն ասաց, որ ինքը Էմանուելին անձամբ չի ճանաչել և Տերյան փողոց է գնացել Ռոբերտ Խաչատրյանի հետ, ով Էմանուելի ընկերներից է:

«Ես չեմ տեսել՝ ով ում է հարվածել ու այդ ժամանակ այդքան ուշադիր չէի, քանի որ այդ ամենն ինձ այդքան էլ հետաքրքիր չէր: Այդ ժամանակ պապաս զանգեց  ու ասեց, որ գնամ փոքր ախպորս վաենկոմատից վերցնեմ: Արդեն պատրասվում էի գնալ, երբ ինչ-որ ձայներ լսեցի, վազեցի տեսա, որ Տիգրանն ընկնում է, իսկ Ռոբերտը բռնել էր նրան»,-դատարանին պատմեց Վահե Մկրչյանը:

Վկան նաև հավելեց, որ հետագայում լսել է,  որ դեպքի օրը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի դանակ:

Վկա Տիգրան Կոշեցյանը դատարանին ասաց, որ ինքը պատահաբար է հայտվել դեպքի վայրում և շատ բան չի կարող ասել:

«Ես գնում էի Պոլիտեխնիկ՝ եղբորս տեսնելու,  ճանապարհին տեսա՝ մոտ 15-20 տղա, որոնց մեջ կար նաև իմ ընկերներից Ավետիս Վարդանյանը: Ես  նրանից իմացա, որ Էմանուելի մոտ ինչ-որ խնդիր կա ու միացա նրանց »,-դատարանին ասաց Տիգրան Կոշեցյանը:

Հարցաքննության ժամանակ Տիգրան Կոշեցյանը հրաժարվում էր որևէ հարցին կոնրետ պատասխան տալ՝ ասելով. «Ես ոչ մի բան չեմ հիշում»:

Դատախազ Հակոբ Մելքոնյանի բազմաթիվ հարցերից հետո Տիգրան Կոշեցյանն ասաց, որ տեսել է, թե ինչպես էր Ռոբերտ Խաչատրյանը բռնել վիրավոր Տիգրան Հայրապետյանին ու գոռում. «Հայկ, է՞ս ինչ ես արել, ամեն ինչ պայթացրել ես»:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ մյուս վկաները չէին կարողացել դատարան ներկայանալ ժամկետային ծառայության մեջ գտնվելու պատճառով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից: 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: