Երեւանի Անգլիական այգում սլեքլայն մարզաձեւի ցուցադրական դասով այսօր՝ մայիսի 31-ին, «Ժայռ» ՀԵՀԿ-ն սկսեց «Տարբերվիր. Եղիր համարձակ» կարգախոսով ֆլեշմոբերի շարքը:

Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառման նպատակը մարզաձեւը Հայաստանում տարածելմ է եւ տարբեր տարիքի մարդկանց ներգրավելը:

«Սլեքլայնը նույն ալպինիզմի և ժայռամագլցման մի ճյուղ է, եղբայր սպորտաձև, որը զարգացնում է հավասարակշռությունը, ինչը կարևոր է ժայռամագլցման մեջ»,- NEWS.am-ին ասաց Ահարոն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ իրենց խմբում գերակշռում են աղջիկները, քանի որ տղաների մոտ ժապավենի վրա վստահ քայլելը մի փոքր դժվար է ստացվում:

«Արդեն երեք տարի է, ինչ մեր խումբը գործում է: Շաբաթական երկու անգամ անգլիական այգու տարածքում մենք կազմակերպում ենք մեր պարապմունքները։ Սովորեցնում ենք սկզբնական քայլերը, հետո արդեն ժապավենի վրա քայլել, իսկ հետո ավելի բարդ էլեմենտներ»,- ասաց սլեքլայն խմբի անդամ Աննա Ղեւոնդյանը: