Դերասանուհի Անաիսա Սարդարյանը,  որը հանրությանը առավել հայտի է «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Անուշիկ անունով, մանուկ ժամանակ չարաճճի է եղել եւ մի անգամ հունիսի 1-ին կորել է Աբովյան քաղաքում:

«Հունիսի մեկը փոքր ժամանակից  իմ անչափ սիրած տոներից մեկն է եղել, հիշում եմ, երբ հինգ տարեկան էի, հունիսի 1-ին գնացել էինք,  տեսա փոքրիկները վազում էին մի կողմ, ինձ էլ թվում էր, թե այնտեղ ինչ-որ անվճար   բան են բաժանում:  Բոլորը վազեցին, ես էլ իրենց հետեւից, բայց ես ավելի փոքրիկ էի ու կորել էի, եթե չեմ սխալվում, քաղցր բամբակի հետեւից էին գնում: Հետո հետ եկա, տեսա մայրիկս ինձ է փնտրում: Անհանգստացել էր, բայց չբարկացավ: Մայրիկս միշտ այդ օրը առավոտյան մեզ նվերներ էր տալիս»,- պատմեց  դերասանուհին, որը  NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքում պաղպաղակ էր վաճառում:

Անաիս Սարդարյանի խոսքով՝ ինքը մեծ սիրով է պաղպաղակ վաճառում եւ գիտի թե ինչպես գրավել հաճախորդների ուշադրությունը.«Ինձ թվում է ամենաշատը մենք ենք վաճառել:  Աստված տա շատ վաճառենք, քանի որ օգնելու ենք փոքրիկ անապահով երեխաների: Մարդկանց կանչում եմ այս խոսքերով՝ հրաշալի պաղպաղակներ, իմ իսկ ձեռքերով պատրաստված, համեցեք պաղպաղակ գնելու լուսանկարվելու»:

Դերասանուհին մինչեւ այսօր պաղպակ շատ է սիրում, դա նրա մոտ լավ հուշեր է արթնացում.

«Համարյա ամեն օր ուզում եմ պաղպաղակ ուտել, պաղպաղակը ընդհանրապես մանկություն է  հիշեցնում իմ  կարծիքով»:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Ակցիայի համար հովանոցները տրամադրել է «Կոկա կոլա» ընկերությունը:

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am