Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մանուկ հասակում ցոգոլ է գողացել  ու աղ ու բիբարի խառնուրդի կրակոցով պատժվել դրա համար:

«Ես եղել եմ ակտիվ երեխա, բավական լավ էի սովորում, հետո արդեն փողոցին միտված դրսեւորումներ, բայց հետո 7-8-րդ դասարանում նորից ինձ հավաքեցի, վերագտա, եւ սկսեցի պատրաստվել բուհի ընդունելության քննություններին։  Երեխային բնորոշ բոլոր հատկանիշներն ունեցել եմ՝ ցոգոլ գողանալուց սկսած  մինչեւ խաղող  ենք գողացել մեր մոտի այգիներից։ Մարդիկ կային, որ շատ հանդուրժող էին վերաբերվում, սակայն կային նաեւ մարդիկ, որ հրացանի մեջ աղ ու բիբար էին լցնում ու կրակում մեզ վրա, ու մի հարված էլ ես եմ ստացել»,-ասաց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, որն այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, եկել էր մանսնակցելու Մանկական երկաթուղում NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին:

Նա նշեց, որ իր մանկության շրջանում պաղպաղակ չէին ասում, այլ մեքենաներ կային, որ փողոցներով շրջում էին եւ «մառոժնի» էին բղավում, երեխաներն էլ վազում էին տուն, գոումար վերցնում եւ վերադառնում, որ պաղպաղակ գնեն:

«Երեխաներին կմաղթեի երջանիկ մանկություն, ապահով երկիր: «Երեխաները մեր ապագան են» ոչ թե ուղղակի ֆրազ է, այլ իրավամբ երեխաները մենք ենք, նրանց էությամբ մենք կարող ենք սահմանել մեր կենսակերպը, գործունեությունը, ճիշտ ապրելը»,-ասաց Արամ Սուքիասյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  էլ, որը նույնպես այցելել էր Մանկական երկաթուղի ասսաց, որ մանուկ հասակում երազել է ֆուտբոլիստ դառնալ:

Նախարարի կարծիքով այսօր երեխաների հետաքրքրություններն այլ են, քան եղել են իր մանկության տարիներին:

«Մեր ժամանակ մենք ավելի շատ բակում էինք, խաղում էինք ամենատարբեր խաղեր, և ժամանակի մեծ մասն անցկացնում էինք բակում՝ մեր երեխաների, մեր ընկերների, մեր դասընկերների հետ: Ցավոք, վերջին տարիներին մեր մանուկները վիրտուալ խաղերով են զբաղված, ավելի շատ նստած են սենյակներում»,-նշեց նախարարը: Նա ասաց, որ իր տղային էլ փորձում է դաստիարակել այնպես, ինչպես իրեն են դաստիարակել:

«Նույն դաստիարակությունը, որ մենք ստացել ենք, փորձում ենք առավելագույյնը փոխանցել մեր բալիկներին»,-ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանի խոսքով, երեխաների իրավունքների պաշտպանության օրը կարևորվում է նրանով, որ բոլորը բացի իրենց երեխաների, ընտանիքի  մասին մտածելուց պետք է մտածեն նաև շրջապատող երեխաների, ընտանիքների մասին:

Բարեգործական ցուցահանդես վաճառքին նախարարը շրջեց վաճառասեղաններով, խոսեց իրենց իրերը վաճառղ սիրիահայերի հետ,  հետաքրքրվեց նրանց խնդիրներով:

Նշենք, որ NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում զբոսայգու այցելուները, որոնք տեղեկանալով, որ ցուցահանդես վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն գնումներ էին կատարում ավելի հաճույքով։

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։