Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ հունիսի 3-ին, վաղ առավոտյան այցելելով ԵՊՀ-ում բացված «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության կենտրոն, փորձեց կատակներով բարձրացնել դիմորդների տրամադրությունը։ 

Նախ վարչապետը հետաքրքրվեց, ինչ տրամադրություն ունեն դիմորդները, ապա վստահեցրեց, որ ամեն ինչ արդար է լինելու։

«Ձեր գործին եղեք, ոչ մեկը ձեզ չի խանգարելու։ Մենք արդարությունը պիտի ապահովենք։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,- ասաց վարչապետը։

Հեռանալուց առաջ Հովիկ Աբրահամյանը քննական հանձնաժողովի նախագահին հումորով նախազգուշացրեց. «Ես էդ երեխաների մոտ մարդ ունեմ, նայեք։ Եթե որեւէ մեկը մոտեցավ...»։

Քննական կենտրոնում թեստերը բացեցին վարչապետի ներկայությամբ։ Դրսում վարչապետը մոտեցավ անհանգիստ ծնողներին, համբերություն  մաղթեց նրանց և խոստացավ, որ կհետևի քննական գործընթացին, իսկ որևէ բողոք կամ մտահոգություն ունենալու դեպքում խնդրեց տեղեկացնել իրեն այդ մասին։