«Կենսաբանություն» առարկայի միասնական ընդունելության քննությունը պատրաստվելու համար դիմորդները մի քանի շտեմարաններից են օգտվել, որոնք, ծնողների խոսքով, էլ ավելի են խճճել աշակերտներին:
«Եվ շտեմարանները, եւ թեմաներն ահավոր են: Թող մի հատ նորից վերանայեն և հասկանան՝ ինչ են տալիս երեխեքին քննության համար: Էդ 6 շտեմարանները, որ սաղ հանենք-գումարենք, մի հատուկես կմնա: 3 շտեմարան տպել էին, հետո էլի երեք հատ տպել էին, վաճառել: Մենք ստիպված էինք նորից առնել: Հեշտ չի էդքան շտեմարան նորից պարապել»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց դիմորդներից մեկի մայրը՝ Մարինե Առաքելյանը:
Նրա դուստրը՝ Վերոնիկա Տերտերյանն այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի թիվ 62 ավագ դպրոցում բացված քննական կենտրոնում միասնական ընդունելության քննություն էր հանձնում «Կենսաբանություն» առարկայից: Վերոնայի խոսքով՝ ինքն անիմաստ ժամանակ է ծախսել՝ երկու տարի «Կենսաբանություն» պարապելով, քանի որ քննությամբ ոչ թե աշակերտների գիտելիքներն են ստուգվում, այլ թե որքան լավ են նրանք անգիր արել թեստերը:
«Եթե ես թեստերն անգիր իմանամ, կստանամ 20, եթե անգիր չիմանամ, բայց գիտելիք ունենամ, կարող ա՝ ստանամ 15 կամ 8`ըստ նրա, թե իրենք ինչ թեստ են դրել»,-նշեց նա:
Դիմորդներից ոմանք էլ ասացին, որ շտեմարաններում, որոնցով իրենք պարապել են, շատ սխալներ են եղել:
Դիմորդների խոսքով՝ սխալ է եղել նաև «Կենսաբանության» քննական թեստում:
«Տարբերակներից մեկում մի հարց կար, որը երկու ճիշտ պատասխան ուներ: Երեխեքը հարցրին, թե որը դնեն, ասեցին՝ ոնց գիտեն, թող տենց գրեն»,-ասաց դիմորդ Լիլիթ Բաղդասարյանը:
Քննական կենտրոնի ղեկավար Էդվարդ Սանթրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե թեստում որևէ սխալ է լինում, դիմորդի օգտին է խնդիրը լուծվում, իսկ սխալ է, թե ճիշտ՝ որոշում է բողոքարկման հանձնաժողովը:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, մեկնարկել են միասնական ընդունելության քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից:















