«Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալների նկատմամբ Ավան եւ Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած 12 տարվա ազատազրկման որոշումն անհիմն է եւ ապացուցված չէ, որոշումը կայացվել է հասարակության ճնշումների ներքո: Այս մասին այսօր՝  հունիսի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ամբաստանյալների փաստաբան Երեմ Սարգսյանը՝ միջնորդելով բեկանել եւ փոփոխել Նորայր Հայրապետյանի նկատմամբ կայացրած վճիռը:

«Ուզում եմ, որ հասնենք արդարության եւ ոչ թե պատրանք ստեղծվի, թե արդարադատություն ենք իրականացնում: Եթե այս դեպքը տեղի ունեցած չլիներ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ապա նման հետեւանք չէր լինի, որովհետեւ այս դժգոհությունների ֆոնի վրա այն տպավորությունը ցանկացան ստեղծել, որ տեսեք՝ մենք որեւէ մեկին չենք պաշտպանում: Ես միջնորդում եմ, որպեսզի Նորայր Հայրապետյանին Վերաքննիչ քրեական դատարանը մեղավոր ճանաչի ՀՀ ՔՕ 112 հոդվածի երկրորդ մասի 14-րդ կետով (անզգուշությամբ առաջացնել տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով) եւ 118-րդ հոդվածով (ծեծ)` Գարիկ Սողոմոնյանին հարվածելու համար, եւ նրա նկատմամբ սահմանել այդ հոդվածներով նախատեսված նվազագույն պատիժը կամ գործը նոր քննության համար ուղարկել առաջին ատյանի դատարան»,- հայտարարեց փաստաբանը:

Պաշտպանի խոսքով՝ գործով դատապարտվածների մեղադրանքը չի ապացուցվել առաջին ատյանի դատարանում, քանի որ տուժողների ցուցմունքներն արժանահավատ չեն եղել. «Տուժողների տարբեր ժամանակահատվածներում տված ցուցմունքները դատական քննության ժամանակ իրար հակասել են, եւ կարելի է ասել, որ պայմանավորված են եղել դեպքերի հետագա զարգացմամբ եւ նրանց էմոցիոնալ վիճակներով, ինչու չէ, նաեւ այդ կերպ ընկերոջ մահվան համար վրեժ լուծելու ցանկությամբ: Նորայր Հայրապետյանին դեպքից 5 օր հետո, երբ ամեն ինչ թարմ էր տուժողների մոտ,  եւ երբ Նորայր Հայրապետյանին ճանաչման են ներկայացրել նրան ճանաչել են որպես անձի, որին դեպքի ժամանակ տեսել են ավտոկայանատեղիում կանգած վիճակում: Իսկ հետո ասացին, որ ծեծկռտուքի պահին բոլորը շարժման մեջ են եղել, բայց նրանք չեն տեսել, թե ով ում է հարվածել»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանը Նորայր Հայրապետյանի մասով վճիռ է կայացրել՝ առանց հաշվի առնելու մեղմացուցիչ որոշ հանգամանքներ: «Որպես մեղմացուցիչ հանգամանք նշել են, որ նրա խնամակալության տակ կա մինչեւ 14 տարեկան անչափահաս 1 երեխա, բայց իրականում նրա խնամակալության տակ կա 2 երեխա: Հաշվի չեն առել նաեւ այն, որ նա ունի բարձրագույն կրթություն, եւ որ ունեցել է մշտական բնակության վայր»,- նշեց փաստաբանը:

Դավիթ Ադամյանի փաստաբան Մարինե Թովմասյանը ներկայացրեց իր բողոքը  առաջին ատյանի կայացրած որոշման դեմ եւ  դատարանից խնդրեց քրեաիրավական նոր գնահատական տալ իր պաշտպանյալի արարքին:

«Հասարակությունը այժմ ստանձնել է երդվյալ ատենակալների դերը, բացի օրենքից այս գործով ամեն ինչ կիրառվեց: Հասարակությունը ուղղակի ինչ-որ բան ուներ «Հարսնաքարի» եւ դրա տնօրինության դեմ»

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։