Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանի համար դատախազը դատարանից պահանջել է 18 տարվա ազատազրկում, քանի որ տուժող կողմին՝ մահացածների ծնողներին, ի սկզբանե նման խոստում են տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողներին ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այս գործի ելքը դեպքից արդեն 3 օր հետո որոշված էր արդեն: Երբ որ դիակը բերում  էին Երեւան ու ճանապարհին խնդրում  էին,  որ հետ գնան, էդ ժամանակ ծնողներն ասեցին, ասեք, որ դա դիտավորություն է եւ միտումնավոր է, տեղի տվեցին եւ խոստացան: Տուժողներին պետք է սփոփել, ցանկացած օրենքով թույլատրելի ձեւով հասկանալ նրանց վիշտը, բայց ոչ թե ի սկզբանե կանխակալ վերաբերմունք ցուցաբերել կատարվածի վերաբերյալ: Քրեական գործի մեջ դիմում կա մորից՝ իրավահաջորդից, Պաշտպանության նախարարին, թե բա դուք մեք խոստացել էիք 18-ից 20 տարի ազատազրկում Դավիթի համար»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել այն փաստը, որ ամբաստանյալը դիտավորյալ է սպանել Լյուքս Ստեփանյանին. «30 մետր հեռավորության վրա գտնվող անձը  զենքը ոչ թե նշան բռնած, այլ գոտկատեղի հատվածում պահած  է կրակոց արձակում եւ գնում, կպնում է լրիվ ուրիշ անձին, դա կարող էր Լյուքս Ստեփանյանին չդիպչել. ճակատագրի բան է դա: Չէ, նորից ասում են դիտավորյալ կրակեց՝ անձին կյանքից զրկելու համար: Դավիթ Խաչատրյանն իր ցուցմունքում ասաց, որ զենքը իջեցնելիս փողը դիպել է ենթապայուսակի պոչին եւ այդ պատճառով է կրակոց արձակվել»:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի կատարած հանցագործությունը զենքի օգտագործման կանոնների խախտում  է, որն անզգուշաբար մահ է պատճառել:

«Վկաներին հարց ենք տալիս ՝ Դավիթը հերթապահության համար սահմանված գծից գոնե մեկ քայլ առաջ եկա՞վ, փորձե՞ց դիրքավորվեն նոր կրակի: Պատասխանեցին, որ ոչ:  Իրականում իր արարքում կա հանցագործություն, այնպես չի, որ ինքն արդար է, ինքը իրավունք չուներ զենքը անգամ չլիցքավորած՝ փողը պահի ինչ-որ մեկի ուղղությամբ, բայց եթե ուզեր մահ պատճառել, կմոտենար, նոր կկրակեր կամ մի քանի անգամ կկրակեր»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Դավիթ Խաչատրյանի փաստաբանի կարծիքով, Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստին կայացրած որոշումների վրա մեծ է հասարակական ճնշումը. «Մենք մի հատ վատ պրոցես ունենք, այս հասարակական ճնշումը շատ լավ բան է, առանց դրա առաջ չի գնում, բայց այդ պահանջը ոչ թե պետք է տեղի տա անօրինականությանը, այլ տանի օրինական ճանապարհով լուծման»:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից 17 օր կարել էր բերանը՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով մեղադրողի՝ 18 տարվա ազատազրկման պահանջի դեմ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: