Մայիսի 28-ին Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցում ծննդաբերելիս մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի գործով Շիրակի մարզի դատախազությունում դեռեւս նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ հարուցելու մասին առայժմ խոսք լինել չի կարող, բայց գործն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՇՄ դատախազությունից:
«Չեմ կարծում, թե ամեն օր Գյումրիում ծննդաբերության ժամանակ կին է մահանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ երբ տեղեկացել է դեպքի մասին, անակնկալի է եկել, թե ինչու հիվանդանոցից իրավապահ մարմիններին հաղորդում չի տրվել:
«Հիվանդանոցից չահազանգելն ինձ համար ավելի քան տարօրինակ է, մենք քննության առարկա ենք դարձնելու այն հանգամանքը, թե ինչ պատճառով չեն հայտնել, հիվանդանոցից բանավոր պատճառաբանել են իրենց ներքին գերատեսչական հանձարարականներով, սակայն գործի քննության ժամանակ նշված հանգամանքները կստանան իրենց հստակ հիմնավորումները», - ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բուժհաստատության ներկայացուցիչները եղել են Առողջապահության նախարարությունում, քննարկել հարցը:
Նշենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որը անցած տարի կալանավորվել էր ոստիկանների հետ վիճաբանելու պատճառով։ Բժշկի դեմ քրեական գործ էին հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը) եւ կալանավորել: Ավելի ուշ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր խափանման միջոցն ու նրան ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց, գործը փակվել էր։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ այս դեպքի պատճառով չի կարելի կասկածի տակ դնել Մադոյանի պրոֆեսիոնալ ունակությունները։
«Եթե մարդը սկանդալային է, դա դեռ չի նշանակում, որ նա լավ մասնագետ չէ, եթե լավ մասնագետ չլիներ, նրան չէին նշանակի 4 այլ մարզերում գինեկոլոգ աշխատելու համար»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով։











