ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ հակասական խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրին Երեւանում տեղադրելու հարցում վերջին խոսքը պետք է ասեն գիտնականները։
«Ըստ էության հանրային քննարկում գնում է, ես տարբեր դիրքորոշումներ եմ լսում եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրը վերաբերմունքի իր բանաձեւն է հանում, բայց, այնուամենայնիվ, ես շատ կուզենայի, որ գիտնականներն ասեին իրենց վերջին խոսքը, կարծում եմ, որ դա շատ անհրաժեշտ է, որովհետեւ հասարակության, յուրաքանչյուր անհատի գիտելիքը չի կարող բավարարել, որպեսզի ինքը լիարժեք գնահատի»,- հունիսի 4-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը։
Նախարարը նշեց, որ այսօր շատ են կենտրոնանում այդ խնդրի վրա, դարձրել են «օրվա հարց», այնինչ Հայաստանում ավելի կարեւոր հարցեր կան, որոնք անուշադրության են մատնվում։
«Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ ավելի հետաքրքիր խնդիր մեր իրականության մեջ չկա, թող գիտնականները քննարկեն, իրենց որոշումը կայացնեն։ Այսօր Երեւանում բացվել է պատմամշակութային ժառանգությանը նվիրված կոնֆերանս, որտեղ շատ ավելի կարեւոր հարցեր են քննարկվում, դրանց լուծումներ են տրվում, եւ կառաջարկեի, որ դուք հետեւեիք, թե պետությունը ինչ քայլերի է գնում բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ, հատկապես ճարտարապետական ժառանգությանը վերաբերող»,-ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ ցանկացած քաղաքական գործիչ ունեցել է եւ´ իր դրական, եւ´ բացասական կողմերը, եւ Միկոյանը բացառություն չէ, ուղղակի անհրաժեշտ է կշռադատված մոտեցում ցուցաբերել. «Օրինակ, Նապոլեոն Բոնապարտը, խոշոր գործիչ է եղել իր երկրի համար, բայց մյուս կողմից ինչքան խնդիր է առաջացրել մյուս ժողովուրդների համար։ Նույնը Ստալինը, Լենինը, չի կարելի ժխտել»։
Նշենք, որ քաղաքապետարանի որոշմամբ Միկոյանի արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում: Հակահայ քաղաքականությամբ հայտնի խորհրդային գործչի կիսանդրին տեղադրելու մասին՝ հանրության դժգոհության պատճառ դարձած այս որոշումը ընդունվել է ավագանու ապրիլի 30-ի նիստում, նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետն է` Տիգրան Բարսեղյանը:











